Սերբիայում հեղեղումների պատճառով ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 25 հազար մարդ: Նրանցից 7,8 հազարն Օբրենովաց քաղաքի բնակիչներ են, որտեղ առավել վտանգավոր իրադրություն է ստեղծվել: Այս մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

 

«Սավա գետի ափերին ընկած շրջաններում հեղեղման սպառնալիքը տակավին չի անցել»,- նախազգուշացրել է պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը: Նա ճշտել է, որ Շաբաց քաղաքում, որը գտնվում է Բելգրադից 87 կիլոմետր հեռավորության վրա, ջուրն անցել է հողաթմբի միջով: «Սավայում ջրի մակարդակն իջնում է, բայց վտանգը դեռ չի անցել: Մենք շատ շուտ հանգստացանք, մինչդեռ սպառնալիքը դեռ 3-4 օր կպահպանվի»,- հավելել է գերատեսչության ղեկավարը, որն օժանդակություն է ցույց տալիս փրկարարական ծառայություններին և ՆԳ նախարարությանը տարերային աղետի պայմաններում:

 

Ըստ ՆԳ նախարարության տվյալների' առայժմ բարդ է մնում իրադրությունը նաև Կրուպան, Սրեմսկա Միտրովիցա և Յամենա քաղաքներում: Երկրի տարածքում ջրածածկ է եղել 2 260 օբյեկտ, խորտակման սպառնալիքի տակ են ևս 1 763-ը: Առայժմ առանց էլեկտրականության է մնում 26 հազար տնային տնտեսություն:

 

Շաբացի քաղաքային վարչությունը հայտնել է երկու մարդու մահվան մասին: Մայիսի 18-ին վարչապետ Ալեքսանդր Վուչիչը տեղեկացրել էր Օբրենովաց քաղաքում 12 զոհվածների մասին: Ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհերի մասին: Այսպիսով երկրում նրանց ընդհանուր թիվը հասել է 19-ի: Իշխանությունները ելնում են այն բանից, որ զոհվածների իրական թվաքանակն էապես ավելի մեծ է, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: