Գորիսի քաղաքապետի թեկնածուների վրա ճնշումներ չեն գործադրվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Ճնշումներ չեն կարող լինել: Եթե ուշադիր եք եղել' ինքնաբացարկ հայտարարած թեկնածու Տիգրան Կարապետյանն ասել է, որ հանում է իր թեկնածությունը հանուն Գորիսի, որպեսզի հասարակության մեջ ավելորդ պառակտումներ չառաջանան»,- ասաց նա՝ հավելելով, որ Կարապետյանն ստեղծված իրավիճակում նպատակահարմար է գտել արդյունավետ լուծում գտնել և ինքնաբացարկ է հայտարարել:
Դիտարկմանը, թե այդ քայլն այդքան էլ արդյունավետ չի եղել, քանի որ քաղաքում ծեծկռտուք և դանակահարություն է եղել, Վահե Հակոբյանը պատասխանեց, որ գնահատաան է տրվում մի բանի, որը դեռ հայտնի չէ՝ կապ ունի ընտրությունների հետ, թե ոչ: «Տեղի է ունեցել ծեծկռտուք, որին կտրվի համապատասխան իրավական գնահատական, քանի որ այդ դեպքը գտնվում է իրավական դաշտում: Որևէ ինֆորմացիա չկա այն մասին, որ այդ դեպքն ընտրությունների հետ կապ ունի»,- ընդգծեց նա:
Մարզպետը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Սյունիքում իրավական գնահատականներ չեն տրվում: Հակոբյանը վստահեցրեց, որ, որպես մարզպետ, իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Սյունիքի մարզի բնակչության անվտանգությունը:
Գորիսի քաղաքապետի թեկնածուի համար պայքարում էին 4 թեկնածուներ՝ Տիգրան Կարապետյանը, Արա Բուդաղյանը, Վաչագան Ադունցը, Հրայր Իոլյանը: Տիգրան Կարապետյանը և Արա Բուդաղյանը ինքնաբացարկի մասին դիմում են ներկայացրել ԿԸՀ: Գորիսում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենա հունիսի 8-ին: