Ազատ և հունահռոմեական ոճերի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների առաջատար ըմբիշները մայիսի 29-31-ը Իտալիայի Սասարի քաղաքում մասնակցելու են ավանդական միջազգային հեղինակավոր մրցաշարի: Մայիսի 27-ին նրանք ընտրանիների գլխավոր մարզիչների՝ Արայիկ Բաղդադյանի և օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ ուղևորվեցին մրցավայր: Լևոն Ջուլֆալակյանն արդեն իրեն լավ է զգում ու շատ է ցանկանում այս կարևոր մրցաշարում անպայման լինել իր սաների կողքին: Իտալական այս ստուգատեսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (երկուսն էլ 84 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Սասարիում նույն օրերին ընթանալիք Մատեո Պելիկոնեի 19-րդ հուշամրցաշարին են պատաարստվել նաև Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարները: Իտալիայի այս մրցաշարում ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ մրցագորգ կմտնի 2013 թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 2013 թ. Հայաստանի լավագույն մարզիկ, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Սասարիում ազատ ոճայիններից Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Եվրոպայի առ աջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ՝ Մուսա Մուրթազալիևը (86 կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ): Մրցաշարին մասնակցելու են հրավիրվել 70 երկրի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Նախորդ շաբաթ ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ Լևոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը վատացել էր, ու նա գլխապտույտներ էր ունեցել, որից հետո իր իսկ խնդրանքով հետազոտման նպատակով տեղափոխվել էր Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Մարզիչն արդեն վերականգնվել է ու իրեն լավ է զգում և Իտալիայում կղեկավարի ընտրանու ելույթը: Նրա գլխավորած ընտրանին մայիսի 14-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում և լիովին պատրաստ է Սասարիում ընթանալիք Միլոնե Տրոֆի' Milone Trophy ավանումով մրցաշարին: