
Ուկրաինան ռուսական գազ չի գնի դրա բարձր գնի պատճառով: Ինչպես հայտարարել է օլիգարխ Պյոտր Պորոշենկոն, ով հաղթել է երկրի նախագահական ընտրություններում, դրա փոխարեն Կիևը հույս ունի ռևերսային մատակարարումներ ապահովել Եվրոպայից և հեղուկացված բնական գազ ստանալ ԱՄՆ-ից:
«Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային գազը վաճառել հազար խորանարդ մետրը 500 դոլար գնով: Լավ, բայց Ուկրաինան այդ գազը չի գնի, դա նրան հարկավոր չէ»,- նրա խոսքը մեջբերել են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Պորոշենկոն գերմանական Bild թերթին տված հարցազրույցում հայտարարարել է, որ ուղղակի երկխոսություն է փնտրելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ' նպատակ ունենալով կայունացնել իրադրությունն Ուկրաինայում: «Ես, անտարակույս, ցանկանում եմ խոսել Պուտինի հետ և երկխոսություն վարել իրադրության կարգավորման նպատակով»,- ասել է նա:
Պորոշենկոն «ոչ մի կասկած չունի», որ Ռուսաստանի նախագահն անջատականների վրա «ուղղակի ազդեցության» ճանապարհով կարող է դադարեցնել մարտերն Ուկրաինայի արևելքում: Ուստի ուկրաինացի քաղաքական գործիչն անհրաժեշտ է համարում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցների սահմանման ուղիով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: