Դամասկոսի Ազազին թաղամասի Բաղդադ փողոցում մայիսի 29-ին հրթիռն ընկնելու հետևանքով երկու հայ են վիրավորվել: Վիրավորները դամասկոսահայ հայր և դուստր Ռուբեն և Մարո Դանիելյաններն են, ովքեր ստացել են միջին աստիճանի վնասվածքներ: Համապատասխան բուժում ստանալուց հետո նրանց վիճակն այժմ կայուն է:
Դամասկոսի արևելյան արվարձաններում շարունակվում են բախումները: Թեպետ կենտրոնական թաղամասերում իրավիճակը հանգիստ է, սակայն միջադեպեր են գրանցվում հրասանդների հարվածների պատճառով, որոնք մարդկային և նյութական վնասների պատճառ են դառնում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում նախօրեին հրթիռներ ընկնելու հետևանքով 22 մարդ էր զոհվել, ևս 75-ը՝ վիրավորվել: Նրանց թվում հայեր չեն եղել:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը հասել է 100-ի: