Քաղաքական մեծամասնությունը պատրաստ է քննարկել այն առաջարկները, որոնք ամրագրված են քառյակի'12 կետից բաղկացած հայտարարության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք երբեք չենք հրաժարվել քննարկումներից: Նրանք կներկայացնեն իրենց առաջարկները, մենք էլ կքննարկենք դրանք: Մենք բազմաթիվ անգամ ամբիոնից հայտարարել ենք, որ պատրաստ ենք ցանկացած հարցի շուրջ քննարկումներ ծավալել: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց, որը միտված կլինի մեր ապագային, մեր քաղաքական դաշտի կայունացմանը»,- ասաց Բաղդասարյանը:

 

Դիտարկմանը, թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը քառյակի վերջին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, այնուամենայնիվ, բացահայտեց քառյակի հայտարարության մեջ ամրագրված առաջարկություններից մեկը, որը վերաբերում է 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելուն, Վահրամ Բաղդասարյանը նախ նշեց, թե լավ չէ, որ Ռուբեն Հակոբյանը ժամանակից շուտ բացահայտում է քառյակի գաղտնիքները: «Ես չգիտեմ, համաձայնեցրե՞լ է նա այդ քայլը քառյակի մյուս ներկայացուցիչների հետ, սակայն դա իրենց խնդիրն է: Ուղղակի մեր հարաբերություններն ինձ թույլ են տալիս նրան նման քննադատության ենթարկել»,- նշեց Բաղդասարյանը:

 

Անդրադառնալով՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկին՝ Բաղդասարյանը հիշեցրեց, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ վերջերս հանդես է եկել նաև ՀՅԴ խմբակցությունը, որի վերաբերյալ ինքն իր կարծիքը հայտնել է: «Ես ասել եմ, որ մենք այս պահին գտնվում ենք Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլում: Հիմա նրանք կարող են ասել, թե ի՞նչ կապ ունեն այստեղ սահմանադրական բարեփոխումները, սակայն մենք ընդհանուր առմամբ այդ նախատեսվող փոփոխություններում դիտարկում ենք, թե հետագայում ինչպես պետք է ձևավորվի Ազգային ժողովը: Մենք պ ատրաստ ենք շատ երկար, մանրակրկիտ, նաև հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկել այս հարցը: Մենք չենք հրաժարվում որևէ քննարկումից, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Բաղդասարյանը դրական է վերաբերվում նաև այն հանգամանքին, որ Հայաստանում ընդդիմությունը վերջապես համախմբված է հանդես գալիս: «Մենք բավականին երկար ենք աշխատել, որպեսզի Հայաստանում ընդդիմությունը համախմբված լինի, որովհետև չենք ցանկանում, որպեսզի մեր երկրում ցաքուցրիվ ընդդիմություն լինի»,- ասաց նա:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը երկարակեցություն մաղթեց քառյակին, որպեսզի նրանք կարողանան առողջ քննադատությունների եղանակով ստիպել մեծամասնությանն ավելի զգոն լինել և կարողանալ նկատել սեփական թերությունները: «Ես ողջունում եմ քառյակի գործունեությունը և ևս մեկ անգամ հաստատում, որ պատրաստ ենք լսել նրանց առաջարկները և ընդունել դրանք, եթե, իհարկե, դրանք պոպուլիստական չեն և վերաբերում են մեր երկրի վիճակի բարելավմանը»,- նշեց նա:

 

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը վերջին նիստի ընթացքում 12 կետից բաղկացած հայտարարություն է ընդունել, որը կներկայացնի իշխող քաղաքական մեծամասնությանը և կառավարությանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջիկայում իրենք կհրապարակեն հայտարարության տեքստը՝ տեղեկացնելով միայն, որ 12 կետերից մեկը վերաբերում է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն: Այլ մանրամասներ Հակոբյանը հրաժարվեց ներկայացնել՝ կոչ անելով ևս մի փոքր սպասել: Նա նաև տեղեկա ցրեց, որ քառյակի օրակարգում է նաև համատեղ հանրահավաքի անցկացումը, որը նախատեսում են կազմակերպել աշնանը, ինչպես նաև մարզային հանդիպումները: