Ադրբեջանը պատրաստ է դիտարկել ռազմական առճակատման ավարտից հետո Ղարաբաղում խաղաղություն ապահովելու միջազգային կառույցների առաջարկները: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Իրավաբան.net-ը:
«Միանգամայն պարզ է, որ ռազմական առճակատման ավարտից հետո պետք է միջազգային ջանքեր գործադրվեն խաղաղությունն ապահովելու համար: Ի՞նչ կլինեն դրանք' քաղաքական կամ ռազմական ոլորտում առաջարկներ, մենք պատրաստ ենք դա դիտարկել: <…> Բնականաբար, այդ հարցը պետք է քննարկվի միջազգային հարթությունում: Բայց երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել», – ասել է Ալիևը։
Ադրբեջանի 17 տարվա նախագահը ռազմաքաղաքական ուղին առավել ընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
«Մենք այժմ խնդրի ռազմական լուծման գործընթացում ենք: Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացը շուտ ավարտվի, և դրանից հետո սկսվի դիվանագիտական գործընթացը: Կողմերը պետք է մտածեն խաղաղ համաձայնագրի մասին, և դա տեղի կունենա քաղաքական ճանապարհով: Հետևաբար, ռազմաքաղաքական ուղին ամենաընդունելին է », – ասել է նա։