Մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծված ապրանքների ծավալը տարվա առաջին եռամսյակում կազմել է 958.6 տոննա' 6.1 մլրդ դրամ կամ 14.8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 17.7 տոկոսով:

 

Ստացված օգնության 43.5 տոկոսը կազմել են մանածագործական իրերը, 16.5 տոկոսը' քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.2 տոկոսը' սարքերը և ապարատները, 10.8 տոկոսը' մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 3.5 տոկոսը' տարբեր արդյունաբերական ապրանքները, 3.2 տոկոսն եղել են կոշկեղեն, գլխարկներ և հովանոցներ:

 

Մարդասիրական օգնության հիմնական մասը' 56.4 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է 1.4 տոկոս: ԱՄՆ մասնաբաժինը ընդհանուր մարդասիրական օգնության կառուցվածքում կազմել է 24.2 տոկոս, Կորեայի Հանրապետությանը' 4.6 տոկոս, իսկ Հնդկաստանինը' 3.2 տոկոս: