«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:

Ամանորյա տոնական օրերին բավականին անհարմար վիճակ է ստեղծվել անձնագրային ծառայության ստորաբաժանումներում: Բանն այն է, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եկամտային հարկի մասին օրենքում արված այն փոփոխությունը, որը նախատեսում է, որ հարկային հաշվառումը պետք է իրականացնել նույնականացման քարտերով: Այսինքն՝ հունվարի 1-ից գործատուները, հաշվապահները և հարկային գործակալները այդ հաշվետվությունը հարկային մարմիններին պետք է ներկայացնեն IT քարտերով: Եվ քանի որ ժամկետը բավականին կարճ է եղել, անձնագրային ծառայությունները չեն կարողացել մինչև հունվարի 1-ը բավարարել բոլոր դիմողներին, ու այս օրերին անձնագրային ծառայություններում մեծ կուտակումներ, լարվածություն ու նույնիսկ քաշքշուկներ են լինում այդ պատճառով: Կարծիքներ են հնչում, թե անձնագրային ծառայություններն են թերանում կամ նրանց հնարավորությունները չեն ներում, նույնիսկ հաքերային հարձակումների մասին խոսակցություններ հնչեցին: Բայց քանի որ հունվարի 1-ից հետո նույնականացման քարտի միջոցով հարկային հաշվետվությունը պարտադիր է և հակառակ դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսվում, անձնագրային ծառայություններում այս լարվածությունը շարունակվում է: Ստեղծված իրավիճակի հետ կապված «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ:

- Պարոն Քոչարյան, ինչո՞ւ է ուշանում նույնականացման քարտերի տրամադրումը:

- Նախ՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եկամտային հարկի մասին օրենքը, որով նախատեսվում էր, որ գործատուները, հաշվապահները, հարկային գործակալները եկամտային հարկի մասին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Հետո որոշում է կայացվել, որ դա իրականացվելու է էլեկտրոնային եղանակով նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրության օգտագործմամբ: Կառավարությունն ընդունեց 1338-Ն որոշումը, որով նախատեսվում էր սուբսիդավորել այն անձանց, ովքեր մինչև նոյեմբերի 30-ը նույնականացման քարտ կհանեին: Ընդ որում՝ սուբսիդավորումը համապատասխանում էր էլեկտրոնային ստորագրության սպասարկման տարեկան վարձավճարի չափին: Կառավարության այդ որոշումը խթան հանդիսացավ, որ անձնագրային ծառայությունում դիմողների թիվն ավելանա: Հունիսից մինչև 23.10.12-ը ընդամենը 4603 մարդ է դիմել քարտ ստանալու համար, իսկ այդ որոշումն ընդունելուց հետո նոյեմբերի 13-ի դրությամբ ՝ 14.955 մարդ: Արդյունքում անձնագրերի ծառայությունից դեպի տպագրություն եկող օրական հայտերի թիվը դարձավ 2000, չհաշված սովորական անձնագրերը:

- Բայց դուք այդ ծանրաբեռնվածությունը պետք է որ նախատեսած լինեիք:

- Համակարգը IT քարտերի գլոբալ սպասարկման համար նախատեսված չէր, եթե դա նախատեսված լիներ, մենք հին անձնագրերը շրջանառությունից հանած կլինեինք: Բայց եթե հին անձնագրերը շրջանառության մեջ ենք թողել, նշանակում է, որ դա մասնավոր սպասարկում է լինելու: Դրա համար անձնագրային ծառայություններում քարտ հանելու մի կետ կա: Հակառակ դեպքում մի քանի կետեր պետք է դնեինք: Հին անձնագրերի նույնականացման քարտերի պատրաստման տեխնոլոգիան ավելի բարդ է: Ես օրական IT քարտի 2000 հայտ եմ ստանում: Երբ քարտի վրա ամրագրում ենք դիմումատուի տվյալները, դրանից հետո անցնում է դրա որակի ստուգման ընթացակարգը: Դա համակարգչային հատուկ ծրագրով է իրականացվում, որը ստուգում է չիպի արդյունավետությունը և քարտի միջի տվյալների ճշտությունը: Մենք օրական 600-700 նման ստուգում իրականացնելու հնարավորություն ունենք: Սակայն մոտ 1400 լրացուցիչ դիմում ենք ստանում: Եվ եղան դեպքեր, որ մենք սկսեցինք ուշացնել, տեխնիկապես հնարավորություն չկար նման տեմպով սպասարկում իրականացնել: Եվ մենք ընդամենը 5 աշխատատեղ ավելացրեցինք գոյություն ունեցող 5-ի հետ, որպեսզի օրական թողունակությունը հասցնենք 1000-1500-ի: Բայց դա էլ ավելի վաղ հնարավոր չէր անել, որովհետև նոր տեխնիկական սարքավորումներ ենք ձեռք բերել, նոր աշխատողներ պետք է բերեինք, նոր ուսուցում անցկացնեինք, որ ի վիճակի լինեին այդ գործառույթն իրականացնել: Առաջիկա 10-15 օրերին ուշացումների թիվը գնալով կպակասի: Այսինքն՝ սա ոչ թե անձնագրային ծառայությունների աշխատողների թերացման, այլ հնարավորությունների մաքսիմալ չափն էր, որը տեխնիկապես չէինք կարող գերազանցել:

- Այսինքն՝ այս օրերին դուք բավարարում եք հիմնականում գործատուների դիմումները:

- Այո՚, մոտ 70.000 դիմումատու էինք սպասում, և դա 2 ամսվա համար ահռելի թիվ էր: Եվ եթե մենք մեր բոլոր գործառույթները մի կողմ դնեինք, նորից դժվար կլիներ դա սպասարկելը:

- Բայց եթե այդ գործատուները, քաղաքացիները ուշ ստանան այդ քարտերը և հարկային մարմիններին ուշ ներկայացնեն իրենց հարկային հաշվետվությունները, նրանց պատասխանատվություն է սպառնում: Բայց չէ՞ որ նրանք այդ դեպքում մեղավոր չեն, այդ ուշացումների համար ինչո՞ւ նրանք պետք է պատասխանատվություն կրեն:

- Ժամանակին հաշվետվություն չներկայացնելու համար սահմանված կարգով վարչական պատասխանատվություն նախատեսված է: Նման դեպքերում ՊԵԿ-ը վարչական վարույթ իրականացնելու իրավասություն ունի, բայց եթե IT քարտի ուշացումը կամ հաշվետվություն չներկայացնելը մեր մեղքով է, մենք վարույթ իրականացնող մարմնին և քաղաքացուն կարող ենք տալ տեղեկանք, եթե նրանք դիմեն: Եվ դա բացառում է քաղաքացու նկատմամբ վարչական պատասխանատվության կիրառումը: Եթե քաղաքացին դիմի ցանկացած անձնագրային ծառայություն, նրան նման տեղեկանք կտան: Նաև ասեմ, որ այդ ամենի մեջ դիմումատուների մեղքը բացարձակ չկա, նրանք ժամկետների մեջ են դիմել, չհաշված հաշվառում չունեցող դիմումատուներին:

- Կարծիք կա, որ չեն բավարարում IT քարտերը կամ չիպերը, ինչպես երբեմն խոսք էր գնում անձնագրեր չլինելու մասին:

- Բացառված է, եղել են դեպքեր, երբ մարդու մատնադրոշմը լավ հետք չի թողնում: Դա ինձ համար էլ նորություն էր: Եղել են դեպքեր, երբ նորից ենք վերցրել մատնադրոշմը, որ համակարգչում նույնականացում գնա, որ տվյալների կրկնություն չգնա: Բայց խոսակցությունները, թե համակարգը չի աշխատում, IT քարտ չկա, հաքերներն են աշխատել, դա երևակայության դաշտից է:

- Գոնե այս ամսվա մեջ այդ կուտակումները կվերանա՞ն:

- Համոզված եմ: Ինչպես ասացի 5 աշխատատեղ ենք ավելացրել, մեր թողարկման հնարավորությունը օրական մինչև 1700 կհասնի, և կհասնենք մեր բնականոն վիճակին:

- Իսկ կա՞ տեղեկատվություն, թե IT քարտ ստանալու համար անհատ քաղաքացիներից որքան դիմում է ստացվել:

- Ես չեմ կարող այդպես տարբերակել, ես կարող եմ ուղղակի թիվ ասել, որ 01.06.12-ից մինչև 13.11.12-ը ունեցել ենք նույնականացման քարտի մոտ 20.000 դիմում: Կարծում եմ, որ սա պարզ է դարձնում պահանջարկի աստիճանը: Անհատ քաղաքացին քարտ ստանալու պարտավորություն չունի: Նույնականացման քարտ ստանալը նրա իրավունքն է և ոչ թե պարտականությունը: Կարող է ընդհանրապես չդիմել և չստանալ: Իհարկե, կարող է նաև դիմել և ստանալ: Խնդիրը նրանց մոտ չէ, խնդիրը գործատուների, հաշվապահական հաշվառում իրականացնողների մոտ է: Եվ մինչև հունվարի վերջը 100 տոկոսով այդ կուտակումները կմաքրենք ու կգանք բնականոն վիճակի: Ավելացնեմ նաև, որ նույնիսկ եղել են դեպքեր, երբ դիմումից հետո սահմանված 15 աշխատանքային օրվան չենք էլ սպասել, 5-6-8 աշխատանքային օրում ենք տվել: Այսինքն՝ ոչ թե ուշացումներ, այլ ժամկետից շուտ հարյուրավոր դիմումների բավարարումներ ենք ունեցել:

- Այնուամենայնիվ, չէ՞իք կանխատեսում, որ վերջին օրերին նման կուտակումներ կլինեն, և դրան համապատասխան պատրաստվածություն ցուցաբերեիք: Համապատասխան ռեսուրսներն ավելացնեիք:

- Նախապես անհնար էր կանխատեսել, որ պետք է նման օրենսդրական փոփոխություններ լինեին, և դա մրցույթը հայտարարելու ժամանակ պետք է լիներ: Չէ՞ որ այս ռեսուրսը նախատեսվել է մեկ-երկու տարի առաջ, երբ ծրագիրը ներդրող լեհերի հետ պայմաններ էին քննարկվում: Պայմանը փոխվեց: Եվ եթե ես լեհերին ասեմ, շատ արագ մեր նոր պայմանները բավարարեք, նրանք կասեն պայմանագրի նման պահանջ չկա: Իսկ եթե մենք 2 տարի առաջ իմանայինք, որ այսպիսի բան է լինելու, ավելի լուրջ հնարավորություններ կնախատեսեինք:

- Միգուցե պետք էր օրենքի կիրառման ժամկե՞տը երկարացնել:

- Միգուցե, ես չեմ կարող ասել: