Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դադարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահելուց և Բելառուսում նոր ապաստանի հնարավորություն է փնտրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Մուսթաֆա Նայեմը` վկայակոչելով իր աղբյուրները:
«Թվում է, թե Վիկտոր Յանուկովիչն այլևս չի վստահում Վլադիմիր Պուտինին: Ըստ որոշ տվյալների՝ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքն ապաստան է փնտրում Բելառուսում»,- գրում է Նայեմը:
Ըստ նրա` նախորդ շաբաթ նախկին նախագահի որդին այս հարցը քննարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում Յանուկովիչ կրտսերն իր մտավախությունն է հայտնել այն մասին, որ իր հայրը Մոսկվայի ու Կիևի միջև քաղաքական երկխոսությունում կարող է դառնալ «մանրադրամ», և հնարավոր է, որ որոշ պայմանավորվածությունների արդյունքում նախկին նախագահին հանձնեն Ուկրաինայի իշխանություններին:
«Ալեքսանդր Լուկաշենկոն փորձել է հասկացնել, որ ինքը նույնպես կարծում է, որ նախկին նախագահը պետք է վերադառնա Ուկրաինա, սակայն եթե Յանուկովիչն, այնուամենայնիվ, ցանկանում է ժամանել Բելառուս, ապա պատրաստ է նրան ապաստան տրամադրել»,- հայտնել է աղբյուրը: