Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth 86-րդ սեմինարում Ադրբեջանի հակահայկական գործողությունների դեմ հայկական պատվիրակության արդարացի և փաստերով հիմնավորված պատասխանները հունից հանել են ներքին փիառով զբաղված ադրբեջանական իշխանություններին: Սեմինարի ընթացքում Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների ղարաբաղյան հիստերիան վերածվել է զավեշտի:

 

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, իրենց կողմից արված սադրանքների դեմ հայ պատգամավորների հաստատակամ պահվածքից գլուխը կորցրած' զավեշտալից հայտարարություններով հանդես է եկել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասքերովը:

 

Ասքերովը նախ պահանջել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ից «հեռացնել» հայկական պատվիրակությանը' դա «հիմնավորելով» նրանով, որ, իբր, Հայաստանը «բազմաթիվ ահաբեկչական գործողություններ» է կատարել Ադրբեջանում, և «նման ահաբեկչական պետության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ անընդունելի է»:

 

Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնված հայկական պետության դեմ Ասքերովի այդ մեղադրանքները, և ինչու է ՆԱՏՕ-ի նման միջազգային կառույցը հանդուրժում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի այդ բացահայտ կեղծիքը: