Հայաստանում գրանցված թմրամոլների թիվը 5022-ն է: Սա պաշտոնական վիճակագրություն է, որ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: Նախորդ տարվա համամետությամբ թիվն աճել է 594-ով: Ոչ պաշտոնական վիճակագրությամբ թմրամոլների թիվը մոտ 30.000 է, նրան ցից 12.000-ը օգտագործում են թմրամիջոց ներերակային ճանապարհով: Այս մարդկանց վերաբերյալ տեղեկատվությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ նրանք չեն դիմել բուժհաստատություններ եւ չեն գրանցվել որպես թմրամոլներ:

 

Ըստ Սեմերջյանի, Հայաստանում թմրամոլների թիվը տարեցտարի աճում է, եւ դրա պատճառները ոչ միայն թմրամիջոցների օգտագործումն է, այլեւ այն հանգամանքը, որ թմրամոլության դեմ պայքարի շրջանակում բժշկական կենտրոններում մատուցվող ծառայության որակն է բարձրացել, թմրամիջոց օգտագործելու համար անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվում եւ այժմ այդ հակումից ազատվել ցանկացողները գիտեն ում դիմեն եւ ինչպես:

 

Հայաստանում թմրամիջոց օգտագործողների տարիքային շեմը տատանվում է 30-45 տարեկանի շրջակայքում: «Բուժվող անչափահասներ չկան, թմրամոլությամբ տառապող կանանց թիվն էլ 57 է»,- ասաց Սեմերջյանը' հավելելով, որ տարիքը, կարողությունն ու կրթությունը որեւէ նշանակություն չունի թմրամոլ դառնալու հարցում:

 

«Սկզբում նրանք փորձում են հաճույքի համար, հետո հաճույքը վերածվում է կախվածության եւ տառապանքի»: Հայաստանում թմրամոլությունից ունեցած կախվածության դեմ բուժման արդյունավետությանը Սեմերջյանը 100 -տոկոսանոց գնահատական է տալիս' հավելելով, որ կլինիկայում բժիշկների հսկողությամբ թմրամոլը ազատվում է կախվածությունից: Թե հետագայում անձն իրեն ինչպես կդրսեւորի' բժիշկների իրավասության եւ պատասխանատվության ներքո չէ:

 

Սեմերջյանի խոսքով, բուժմանը զուգահեռ, անձը պետք է դրսեւորի անհրաժեշտ կամքի ուժ, ցանկություն, որպեսզի կարողանա հիվանդասենյակի պատերից դուրս' հասարակության մեջ չտրվել րոպեական գայթակղությանը:

 

«Այս առումով շատ անհրաժեշտ է ոչ միայն բժիշկների, այլեւ հոգեբանների միջամտությունը: Հաճախ խորհուրդ են տալիս, որպեսզի թմրամոլությամբ տառապող անձը փոխի իր միջավայրը, ընկերներին, բնակարանը: Սակայն դա Հայաստանում այդքան էլ իրատեսական չէ: Եթե արտասահմանում գործում են վերականգնողական կենտրոններ, որտեղ թմրամոլությամբ տառապողը կարող է 6 ամսից մեկ տարի ժամկետով ապրել եւ բուժվել, մարզվել, կրթվել, Հայաստանում նման կենտրոններ առայժմ չկան: Հայաստանում գործող կենտրոնները վերականգնողական ծառայություններ մատուցում են, սակայն արդյունավետությունն, իհարկե, այն չէ»:

 

Գուցե վերականգնողական կենտրոնների բացակայությունն է պատճառը, կամ էլ թմրամոլությամբ տառապողները հիվանդասենյակներից դուրս չեն կարողանում գտնել անհրաժեշտ կամքի ուժ, սակայն նրանց հետագայի վերաբերյալ Սեմերջյանի ներկայացրած վիճակագրությունը հուսադրող չէ. բժշկական աջակցություն ստանալուց հետո թմրամոլների 80 տոկոսը որոշ ժամանակ անց կրկին վերադառնում է կլինիկա' թմրամիջոցներից ունեցած կախվածությունից ազատվելու համար: