ԱՄՆ-ի նահանգների ղեկավարները, որպես կանոն, դիմավորում են Բարաք Օբամային օդանավակայանում, երբ նա այցով մեկնում է այնտեղ, սակայն Թեքսասի նահանգապետ Ռիք Փերրին հրաժարվել է այդ քայլից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Լինելով Հանրապետական կուսակցության կողմնակից և ԱՄՆ վարչակազմի ներգաղթի քաղաքականության խիստ քննադատ' նա մերժել է Սպիտակ Տան առաջարկը, որ հուլիսի 9-ին օդանավակայանում դիմավորի Բարաք Օբամային:

 

«Շնորհակալություն, իհարկե, Օսթինի օդանավակայանում Ձեզ դիմավորելու հրավերի համար, բայց օդանավի շարժասանդուղքի մոտ ձեռքսեղմումը թույլ չի տա քննարկել մարդասիրական և ազգային անվտանգության ոլորտում առկա ճգնաժամը, որը հիմա տեղի է ունենում Թեքսասի հարավում գտնվող Ռիո Գրանդե գետի հովտում»,- ասված է Օբամային ուղղված Փերրի նամակում: