Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հարգանքով է վերաբերում Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությանը: Այս մասին հուլիսի 10-ին Երեւանում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՆԱՏՕ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին' ընդգծելով, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ի ն որեւէ կերպ չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին:
«ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ հարգանքով է վերաբերում Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությանը, Հայաստանի մասնակցությանը այլ միություններին կամ այլ պետությունների հետ հարաբերություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Աֆենտուլին:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրությանը, ապա Դեսպինա Աֆենտուլին ասաց, որ խնդիրը վերաբերում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին եւ Մաքսային միության անդամակցությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների շարունակմանը չի խոչընդոտի: «Սա ՆԱՏՕ-ի խնդիրը չէ»,- ասաց նա' հավելելով, որ մինչ օրս ոչ մի գործընկերային ծրագիր այդ հարաբերությունների վրա չի ազդել:
Մայիսին լրացավ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների եւ համագործակցության 20-ամյակը: Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն շրջանակ:
Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: