Ֆրանսիան ակնկալում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արած առաջարկությանը հնարավորություն ընձեռվի ունենալ շարունակություն: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հուլիսի 11-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ երբ կողմերը պատրաստակամություն հայտնեն հանդիպելու, Ֆրանսիան իր կողմից արած առաջարկի իրականացման անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծի:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան դեսպանը հավելեց, որ Ֆրանսուա Օլանդն օգտվելով առիթից, որ լրանում է հրադադարի պայմանագրի ստորագրման քսանամյակը, հայտարարեց, որ հարկ կա արագացնելու բանակցային գործընթացը, որի վերջնանպատակը պետք է լինի կայուն և հուսալի խաղաղության հաստատումը:
«Կոչ արվեց կողմերին որդեգրել կեցվածք, որը հնարավորություն կտա քաղաքական տեսանկյունից համապատասխան որոշում կայացնելու, որը օժանադակել է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Խոսքը վերաբերում էր միջոցների կիրառմանը, որոնք պետք է մեղմեին լարված վիճակը, որպեսզի բանակցային գործընթացն ունենար իր տրամաբանական շարունակությունը:
Հենց այս ոգուն համահունչ Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց հյուրընկալելու երկու երկրների նախագահներին, ձեռնամուխ լինելու բանակցվությունների շարունակմանը' ակնկալելով, որ դա պետք է հանգեցնի կարգավորման որեւէ տարբերակի»,- ասաց դեսպանը' հավելելով, որ Օլանդը նման հայտարարություն արեց' հաշվի առնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից մեկն է: