Հայկական ավիափոխադրող «AIR Armenia» ընկերությունն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում, իսկ միջազգային փոխադրողներն իրենք պետք է որոշեն չվերթների երթուղիները: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը' պատասխանելով հարցին, թե ինչպես են կարգավորվելու Հայաստանի Ուկրաինա չվերթները, երբ շատ միջազգային փոխադրողներ հրաժարվել են չվերթներ իրականացնել ուկրաինական տարածքով:
ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանից դեպի Ուկրաինա չվերթներ է իրականացվում միայն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը, որն էլ այսօր նորմալ իրականացրել է չվերթը: ««Ուկրաինական ավիաընկերությունն այսօր Հայաստանից նորմալ թռիչք է իրականացրել: Չվացուցակով թռիչքն իրականացվել է առավոտյան ժամը 06:50-ին, և ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել Կիևում»,- ասաց Միրզոյանը: