ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը դատապարտել է իսրայելական հարձակումը ՄԱԿ-ին պատկանող դպրոցի վրա, որի հետևանքով ՄԱԿ-ի 2 աշխատակիցներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա նաև հայտարարել է, որ զոհերի թվում կանայք և երեխաներ կան: Պան Կի Մունը հակամարտող բոլոր կողմերից պահանջել է հարգել մարդու միջազգային իրավունքը և դադարեցնել հարձակումը Գազայի հատվածում աշխատո ղ ՄԱԿ-ի պաշտոնյաների վրա:

 

«Դպրոցի ուղղությամբ Իսրայելի հարձակումը նշանակում է, որ անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ»,- նշել է նա:

 

Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքում պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության դպրոցի ուղղությամբ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է 10-ը մարդ և վիրավորվել ևս 150-ը:

 

Իսրայելը շարունակում է ռմբակոծել Գազայի հատվածի Շուջաիա, Զեյուն, Շաաֆ բնակավայրերը: Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով հուլիսի 25-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 807-ի,իսկ վիրավորներինը՝ 5237-ի: Իսրայելական զոհված զինվորների թիվը գերազանցել է 30-ը, իսկ վիրավորների թիվը հասել է 200-ի: