ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ամերիկան միանում է Եվրամիությանը եւ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանում էներգետիկայի, պաշտպանության եւ ֆինանսների ոլորտում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Օբաման նշել է, որ նոր տնտեսական պատժամիջոցները կոչված են դժվարացնել ռուսական բանկերի մուտքը կապիտալի շուկաներ եւ հարվածել Ռուսաստանի տնտեսությանը՝ Մոսկվային պատժելով այն աջակցության համար, որը նա շարունակում է ցուցաբերել Ուկրաինայի արեւելքում գործող անջատականներին:

 

«Լուրջ պատժամիջոցները, որոնք սահմանվում են ասօրվանից, կոչված են լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի, այդ թվում՝ Պուտինի շրջապատի եւ այն ընկերությունների վրա, որոնք նպաստում են Ուկրաինայում Ռուսաստանի անօրինական գործունեությանը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

 

«Մենք դադարեցնում ենք առանձին ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստանի էներգետիկական հատվածի համար,- ասել է Օբաման:- Մենք մեր պատժամիջոցները տարածում ենք Ռուսաստանի այլ բանկերի եւ պաշտպանական ընկերությունների վրա: Եվ մենք սառեցնում ենք այն վարկերը, որոնք նպաստում էին Ռուսաստան ապրանքների արտահանմանը, ինչպես նաեւ Ռուսաստանում տնտեսական զարգացման նախագծերի ֆինանսավորումը»:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը այն կազմակերպությունների ցուցակում, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, ներառել է ռուսական եւս երեք բանկ՝ ՎՏԲ-ն, «Մոսկվայի բանկը» եւ «Ռոսսելխոզբանկը»:

 

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե նոր պատժամիջոցերը չեն նշանակում արդյոք «նոր սառը պատերազմի» սկիզբ, Օբաման պատասխանել է միանշանակ. «Սա նոր սառը պատերազմ չէ, այլ շատ որոշակի միջոցառում, որը վերաբերում է այն բանին, որ Ռուսաստանը չի ցանկանում ճանաչել իր ուղին ընտրելու Ուկրաինայի իրավունքը»:

 

Ավելի վաղ Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել՝ ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ Կրեմլի քաղաքականության:

 

ԵՄ-ի նոր պատժամիջոցները պետական մասնակցությամբ ռուսական բանկերին կզրկեն ավելի քան 90 օր ժամկետով ԵՄ-ում փոխառություններ վերցնելու հնարավորությունից եւ կսահմանափակեն նավթի արդյունահանման բնագավառում առաջավոր տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան: Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, պատժամիջոցները չեն վերաբերի գազի ոլորտին, որն ապահովում է Եվրամիության՝ այդ վառելիքի պահանջմունքի զգալի մասը:

 

Պատժամիջոցները սահմանվում են մեկ տարի ժամկետով, բայց երեք ամիս անց եվրոպացի դիվանագետները կհավաքվեն՝ գնահատելու դրանց արդյունավետությունը:

 

Պատժամիջոցներին վերաբերող բոլոր մանրամասները հայտնի կդառնան հուլիսի 30-ին:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ի երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներն անխուսափելի էին: Ընդսմին նա ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարությունից է կախված այն, թե կվերանայվեն արդյոք պատժամիջոցները հետագայում:

 

«Այժմ ռուսական կողմը պետք է որոշի՝ գնալ արդյոք ապաէսկալացման ու համագործակցության ճանապարհով: ԵՄ-ի պատժամիջոցները կարող են վերանայվել, բայց հնարավոր են նաեւ հետագա քայլեր»,- ասել է Մերկելը: