Գեղարքունիքի մարզի տնտեսություններում գրեթե ավարտված մեղրաքամի արդյունքում մեղրի բերքը նկատելիորեն ցածր է ստացվել: Մեղվաբույծների գնահատականներով, արտադրված մեղրը նախորդ տարվա համեմատ մի քանի անգամ պակաս է:
«Նախորդ տարում մեկ մեղվափեթակն ապահովում էր մինչեւ 40 կիլոգրամ մեղր, այս տարի այն չի գերազանցում 5-6 կիլոգրամը: Որոշ տնտեսություններում նույնիսկ արդյունքը եղել է զրոյական: Հիմնական պատճառը եղել է մայիս-հունիս ամիսների համեմատաբար ցուրտ, անձրեւոտ եւ անբարենպաստ եղանակը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ծովասար գյուղի բնակիչ, վաստակաշատ մեղվաբույծ Եգանով Սմբատյանը: Մեղրի արտադրության նվազ ծավալների մասին հաստատեցին նաեւ Վարդենիսի, Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածքների մեղվաբույծները:
«Վարդենիսի մեղվաբույծների եւ մեղվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Լյուբա Մանուկյանի հավաստմամբ, մեղրի միջին գինը մարզում այս տարի կկազմի 3 հազար դրամ' չնայած նրան, որ մեղրի արտադրության ծավալները մի քանի անգամ նվազել են: «Քանի դեռ արտահանում չկա, մեղրի գնի շեշտակի բարձրացում տեղի չի ունենա»,-իր կարծիքը հայտնեց Լյուբա Մանուկյանը:
Խոսրով Խլղաթյան