Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից, Ադրբեջանի հետ սահմանային գոտում տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում, որի էպիկենտրոնը Բերդ քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք է:

 

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ: Հուլիսի 31-ին Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունն է եղել 4 բալ: 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում' օգոստոսի 1-ին Սարայ քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևմուտք և օգոստոսի 3-ին Հորասան քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նույն ուժգնությամբ երկու ստորգետնյա ցնցում է գրանցվել օգոստոսի 2-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևելք և օգոստոսի 4-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքից 37 կմ դեպի հյուսիս-արևել:

 

 

Օգոստոսի 5-ին Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 3 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

 

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 4 երկրաշարժ: Օգոստոսի 3-ին Խաղաղ օվկիանոսի հարավում' Պապուա Նոր Գվինեայի հյուսիս-արևելյան մասում (Միկրոնեզիա) տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ, որին 4 րոպե անց հետևել է 6.1 մագնիտուդով երկրորդ սեյսմիկ իրադարձությունը: Նույն օրը Չինաստանի հարավում գտնվող Յուննան նահանգում' Լուդիան քաղաքից 28 կմ դեպի արևմուտք գրանցվել է 6.0 մագնիտոդով երկրաշարժ:

 

Երկրաշարժի հետևանքով մինչ օրս մարդկային զոհերի թիվը հասել է 600-ի, կա ավելի քան 2400 վիրավոր, 9 մարդ համարվում է անհետ կորած, կան հազարավոր տուժածներ, ամբողջովին քանդվել է 80 հազար, մասամբ' 124 հազար շենք և շինություն, տարհանվել է 230 հազար մարդ, ընդհատվել է էլեկտրամատակարարումը, խափանվել է հեռահաղորդակցության համակարգը, առաջացած սողանքներից ճանապարհները, դարձել են անանցանելի: Սողանքներից մեկը փակելով գետի հունը, առաջացրել է լճակ, որի պատճառով 800 տեղաբնակ տարհանվել է:

 

Օգոստոսի 6-ին Արևելյան Թիմորի հյուսիսային ափերի մոտ գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Օգոստոսի 3-ին 5.6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ալժիրի հյուսիսային ափամերձ գոտում (Աֆրիկա), որի հետևանքով մայրաքաղաք Ալժիրում և արվարձաններում զոհվել է 6 մարդ, վիրավորվել 420-ը: Ստորգետնյա ցնցումները խուճապի են մատնել մայրաքաղաքի բնակիչներին, ինչի պատճառով ոմանք վախեցած դուրս են նետվել պատուհաններից և պատշգամբներից: