Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցողների նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ միջոցառումների շրջանակում վարչության 8-րդ բաժնի աշխատակիցների կողմից օրերս ուշագրավ դեպք է բա ցահայտվել. բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Կրպակ» ՍՊԸ-ն, թեպետ հիմնականում խանութների ցանցի միջոցով իրականացնում է սննդամթերքի և այլ ապրանքների մանրամեծածախ առևտուր, նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում. Երևանի Նոր-Նորք 7-րդ զանգվածում և Հրազդան քաղաքում վարձակալված առևտրի կետերում, բացի մանրամեծածախ առևտրից, նաև ենթավարձակալությամբ տաղավարներ է տրամադրում տարբեր տնտեսվարող սուբյեկտների, որոնք պայմանագրի հիման վրա նույնպես իրականացնում են մանրածախ առևտուր:

 

Ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորելու նպատակով «Կրպակ» ՍՊԸ-ում ՕՀՎ 8-րդ բաժնի և Հրազդանի տարածքային բաժնի աշխատակիցները համատեղ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչի արդյունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հիմնավորվել են:

 

Համաձայն օրենսդրության, «առևտրի իրականացման վայրի կազմակերպում»-ը լիցենզավորման ենթակա գործունեություն է, մինչդեռ «Կրպակ»-ը վերոհիշյալ հասցեներում նմանատիպ գործունեությունն իրականացնում է առանց լիցենզիայի, ինչի համար ընկերությանն առաջադրվել է տուգանք' համապատասխան պետական տուրքի տասնապատիկի չափով' կազմելով 15 միլիոն դրամ: Վերականգնման ենթակա է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքը' 1.5 միլիոն դրամի չափով: Դեպքի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության քննչական վարչություն' հետա գա ընթացքը որոշելու նպատակով: