Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը մտադրվել են համատեղ եռակողմ զինավարժանքներ անցկացնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, Նախիջեւանում երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

 

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ որոշվել է երեք երկրների պաշտպանության նախարարների նման ձեւաչափով հանդիպումներն անցկացնել 6 ամիսը մեկ:

 

Զաքիր Հասանովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ իրենք քնարկել են տարածաշրջանում տիրող ռազմա-քաղաքական իրավիճակը եւ կարծիքներ փոխանակել անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ռազմական ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին:

 

«Նախարարները նպատակահարմար են համարել երեք երկրների զինված ուժերի մարտական ունակությունը բարձրացնելու եւ փոխադարձ գործողություններում համապատասխանություն ձեռք բերելու նպատակով եռակողմ զինավարժանքներ անցկացնել, կազմակերպել համատեղ սեմինարներ եւ կոնֆերանսներ, եռակողմ ձեւաչափով կազմակերպել ռազմական կրթություն եւ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցություն, եռակողմ զինավարժանքներ անցկացնել նավթի եւ գազի խողովակաշարարերի պահպանության շուրջ», -լրագրողներին ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը: