Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների մասնակցությամբ «Թբիլիսյան գագաթնաժողով -2014»-ի շրջանակում եռակողմ հանդիպումներից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Անկարան, Բաքուն եւ Թբիլիսին «համախոհ են ուկրաինական հարցում»: Այս մասի հայտնում է APA լրատվական գործակալությունը:

 

«Մեր հիմնական դիրքորոշումը կայանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանության եւ անձեռնմխելիության մեջ: Այդ տեսակետից մենք կողմնակից են նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը», -ասել է Գյուլը:

 

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ երեք երկրներին բաժանող լեռներն իրենք վերածել են «իրար կապող ուղու»: Նրա խոսքով, այդ գագաթնաժողովը Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բազմակողմանի եւ կառուցողական համագործակցության եւս մեկ վկայություն է:

 

Աբդուլլահ Գյուլը նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում, որը պետք է տեւի մինչեւ մայիսի 7-ը, երեք երկրների նախագահները կքննարկեն համատեղ անցկացվող նախագծերի իրագործման ընթացքը եւ կնախանշեն նոր համատեղ ծրագրեր:

 

APA հաղորդում է, որ Իլհամ Ալիեւն առաջարկել է հերթական գագաթնաժողովն անցկացնել Ադրբեջանում: