Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության շրջանակում կանցկացվեն համատեղ հրամանատարական եւ դաշտային ռազմական զինավարժություններ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

Զինավարժությունների ժամկետների եւ անցկացման վայրի մասին կհաղորդվի ավելի ուշ:

 

«Մենք բազմիցս ասել ենք եւ, գլխավորը, ապացուցել ենք գործով, որ Թուրքիան հանդիսանում է Վրաստանի ոչ միայն հարեւանը, այլ նաեւ բարեկամը, ինչպես նաեւ ռազմավարական գործընկերը», -հայտարարել է Ղարիբաշվիլին:

 

Երեք երկրների առաջին համատեղ զինավարժանքները տեղի են ունեցել 2014 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում: