ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 21-ի առավոտյան զինված հակամարտությունների կանխարգելման վերաբերյալ քննարկում է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Նա ընգծել է, որ հակամարտությունների առաջացումը կանխելուն ուղղված միջոցառումների կարևորության հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև, որպեսզի կանխարգելվի սառեցված հակամարտությունների վերսկսումը այն դեպքում, երբ դրանց լուծումը մնացել է առկախված:
«Նման դեպք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որտեղ Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, բռնի ուժ կիրառեց Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, որը կյանքի էր կոչել ինքնորոշվելու իր իրավունքը: Վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցան գերլարվածության ահազանգող դրսևորումներ և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճ, ինչպես նաև ադրբեջանական բանակի կողմից մտադրված ներխուժումներ և դիվերսիոն գործողություններ»,- նշել է Մնացականյանը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսել է նաև վերջին շրջանում տարբեր էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների թիրախավորման և զանգվածային կոտորածի մասին, որոնք իրականացվում են այնպիսի ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչպիսին է «Իսլամական պետությունը»: Մնացականյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի համակարգը պետք է կենտրոնացնի իր ուժերը և անհապաղ գործի անցնի, իսկ Անվտանգության խորհուրդը անհապաղ ուսումնասիրի եզդիների ողբերգական իրավիճակը:
Ի պատասխան Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հայտարարությանը ԼՂ հակամարտության վերաբերյալ, որտեղ Բաքվի ներկայացուցիչը հերթական անգամ մեղադրանքներ է ներկայացրել հայկական կողմին, Մնացականյանը երկրորդ անգամ խոսքի իրավունք է խնդրել: Նա ընդգծել է հակամարտության վերսկսումից խուսափելու անհրաժեշտությունը' կոչ անելով դասեր քաղել վերջին շրջանի լարված իրավիճակի հետևանքներից: «Երկընտրանքն իսկական աղետ կլինի, Հայաստանը որևէ կերպ շահագրգռված չէ պատերազմում, այլ ցանկանում է պայքարել խաղաղության համար»,- նշել է Մնացականյանը: Կոչ անելով գալ փոխհամաձայնության' նա նշել է, որ Հայաստանն ամբողջապես աջակցում է 2011 թվականի Կազանի համաձայնագրին: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է զինադադարի համաձայնագրերին հավատարիմ մնալու, ինչպես նաև հնարավորինս շուտ վստահելի միջոցների կիրառման անհրաժեշտությունը: