Սիրիացի փախստական 5 կանայք տուժել են Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե թաղամասում տեղացիների եւ սիրիացիների միջեւ անցյալ գիշեր տեղի ունեցած զանգվածային բախումների ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, լարվածությունը սկսել է աճել կիրակի երեկոյան, երբ թաղամասի բնակիչների միջեւ սկսել է տարածվել տեղեկություն այն մասին, որ երկու սիրիացիներ, իբրեւ, բռնաբարել են թուրք աղջկան, իսկ սիրիացի փախստականները հարձակվել են տեղացի անչափահասների վրա: Մի քանի տասնյակ թուրքեր, զինված փայտերով եւ մետաղաձողերով հարձակվել են հարեւանությամբ ապրող սիրիացի փախստականների վրա:

 

Թուրքերը ջարդել են սիրիացիների տները, խանութներն ու գրասենյակները: Ամբողջությամբ հողին է հավասարացվել սիրիացու կողմից բացված ճաշարանը: Գազազած ստամբուլցիները շրջել եւ փորձել են այրել սիրիացիներին պատկանող ավտոմեքենաները: Թաղամաս ոստիկանական հատուկ ջոկատայիններ են մտցվել, իշխանությունները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել:

 

Նմանատիպ միջադեպեր ավելի վաղ տեղի ունեցել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ Այնթափի եւ Հաթայի նահանգներում: