ԱՄՆ Պետդեպարտամենտը խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ վերջին շրջանում կիրառվող բռնությունների կապակցությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջեն Պսակին:

 

Նա ընդգծել է, որ վերջին շրջանում իրենք հաճախակի ստանում են մտահոգիչ տեղեկություններ՝ կապված քաղաքացիական հասարակության կամ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ պետության ցուցաբերած վերաբերմունքի հետ:

 

«Մենք խստորեն մտահոգված ենք այն փաստի կապակցությամբ, որ ադրբեջանական կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում իր ստանձնած միջազգային պարտավորվածություններն ու պարտականությունները: Եվ մենք ականատեսն ենք եղել մի քանի դեպքերի, որոնք ավելի են մեծացնում մեր մտահոգությունն այս հարցում:

 

Այդ իսկ պատճառով մենք Ադրբեջանին կոչ ենք անում հարգել իր քաղաքացիների համընդհանուր իրավունքները, վստահեցնել, որ նրանք իրենց քաղաքացիներին տրամադրում են արդար դատավարության երաշխիքներ և թույլ են տալիս ազատորեն արտահայտել իրենց մտքերը»,- հայտարարել է Պսակին' նշելով, որ այդպիսով պաշտոնական Բաքուն լավագույնս կարող է նպաստել իր երկրի բարգավաճմանն ու կայունությանը: