Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնն իր համերաշխությունն է հայտնել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինին, ով մահվան սպառնալիքներ է ստացել թուրք ծայրահեղականներից' Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Spondasud լրատվական կայքը, որն անդարադարձել է նաև ֆիլմին:

 

The Cut վերնագրված ֆիլմը պատմում է ազգությամբ հայ Նազարեթի ոդիսականի մասին: Այն վերջերս ներկայացվել է Վենետիկյան կինոփառատոնում: Իրադարձությունները մեզ տեղափոխում են 1915թ., Մարդին, որտեղ թուրք ոստիկանները ներս են խուժում հայերի տները, գիշերվա կեսին հավաքագրում քաղաքի բոլոր տղամարդկանց, այդ թվում' ֆիլմի հերոս երիտասարդ դարբինին ու տանում' առանձնացնելով իր ընտանիքից:

 

Ըստ աղբյուրի' ֆիլմի ցուցադրումը Թուրքիայում ուղղակի անհնար է, քանի որ այդ երկիրը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը: Միջազգային փաստերը խոսում են այն մասին, որ տեղի է ունեցել միլիոնավոր մարդկանց դիտավորյալ ոչնչացում, որն էլ հայերն արդարացիորեն պահանջում են դասակարգել որպես ցեղասպանություն:

 

Անկարան մշտապես մերժել է այս վարկածը, ասելով, որ զոհերը 350 հազարից ավելի չեն եղել, և նրանք մահացել են «ողբերգական պատահարի» ժամանակ' հայ բնակչության դեպի երկրի արևելյան շրջաններ հարկադրված տեղահանությունների ընթացքում: Հետևաբար, անխուսափե լի էր, որ ռեժիսորը չհայտնվեր թուրք ծայրահեղականների թիրախում:

 

«Աքինի ֆիլմի կերպարներն ունեն տեսողական և հուզական շատ ուժեղ ազդեցություն: Ֆիլմում մանրամասն նկարագրվում է, թե ինչպես է հայ ժողովուրդը իր կամքին հակառակ զանգվածային տեղահանությունների և բռնի աշխատանքի ենթարկվում, կամ էլ' մահանում սիրիական Դեր Զոր անապատում: Տառապանքի զգացողությունը փոխանցվում է հանդիսատեսին, ով սկսում է գիտակցել, որ ինքն ականատես է և էլ երբեք չի կարող խաղաղություն գտնել»,- գրում է կայքը:

 

Տեղահանումն ուղեկցվում է համաճարակներով, բազմաթիվ ճնշումներով, քաղցով ու ծարավով: Ցեղասպանությունը վերապրած Նազարեթը տեղահանումից հետո իմանում է, որ իր դստրերը դեռ կենդանի են, և որոշում ամեն գնով գտնել նրանց: Ֆիլմի վերնագիրը' The Cut, հասկացվում է և ոչ միայն որպես կտրվածք, վերք, այլև ջարդեր, արցունք, որ քամվել է մի ամբողջ ժողովրդի աչքերից, որը բռնի ուժով տեղահանվել է իր տներից:

 

«Ես նկարել եմ ֆիլմ, ուր միաժամանակ կա և´ էպիկա, և´ դրամա, և´ արկած: Ֆիլմը կարող էր նկարահանվել նաև հարյուր տարի առաջ, սակայն ավելի արդիական չէր լինի: Սա պատմություն է պատերազմի, ինչպես նաև սիրո և հույսի մասին, որ կարող ենք հասնել անհասանելիին»,- պատմում է ռեժիսորը: