Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Ծաղկահովիտ համայնք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Գևորգյանը մարզպետի, համայնքապետի եւ Քաղաքաշինության նախարարության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով վերակառուցված բազմաբնակարան շենքի պայմաններին:

 

Պետբյուջեից հատկացված 676 մլն դրամով համայնքում վերակառուցվել է Շիրակացի փողոցի թիվ 5 շենքը՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Եւս 20 մլն դրամ հատկացվել է շենքի ջեռուցման եւ գազիֆիկացման համար:

 

Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկել է շենքի տեխնիկական վիճակին, կատարված աշխատանքների որակին, բնակարանների բաշխմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկման ընթացքում ներկայացված նկատառումները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության նախարարությունը բնակարանների բաշխման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ կներկայացնի կառավարություն:

 

Փոխվարչապետն այնուհետեւ այցելել է Աշտարակ քաղաք, որտեղ ծանոթացել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին: Ծրագրի՝ «Աշտարակ քաղաքի եւ հարակից չորս գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցում» բաղադրիչով ջրամատակարարման համակարգերը բարելավվում են Աշտարակ, Օհանավան, Կարբի, Մուղնի եւ Սասունիկ համայնքներում:

 

Պատասխանատուները տեղեկացրին, որ արդեն իրականացված է պայմանագրով նախատեսված ընդհանուր աշխատանքների մո տ 60 տոկոսը, իսկ Աշտարակ քաղաքում՝ մոտ 50 տոկոսը: Քաղաքում կատարվում են պոմպակայանի վերակառուցման, ներթաղամասային ջրագծերի, անհատական տների համար մուտքագծերի կառուցման, ջրաչափական հորերի տեղադրման աշխատանքներ:

 

Փոխվարչապետը կարեւորել է աշխատանքների՝ որակով իրականացումը, պատասխանատուներին հորդորել դրանք կազմակերպել այնպես, որպեսզի բնակիչների համար լրացուցիչ անհարմարություններ չստեղծվեն, ինչպես նաեւ մատակարարվող ջրի որակի հետ կապված խնդիրներ չառաջանան: