Հայ ազգային կոնգրեսում ճգնաժամ, պառակտում չկա: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը' մեկնաբանելով կոնգրեսում ստեղծված իրավիճակը եւ ՀԱԿ-ին ճգնաժամից հանելու համար Պետրոս Մակեյանի ներկայացրած առաջարկությունը:
«Ճգնաժամ, պառակտում, չգիտեմ, որեւէ նման խնդիր չկա, Կոնգրեսի նիստերում չի եղել ու չկա: Կոնգրեսի բոլոր կառույցներն արդյունավետ աշխատում են: Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ մի բան է ՝ մամուլով են ասում , այն էլ հակասական հայտարարություններ : Նույն կուսակցության ներսում տարբեր կարծիքներ են ասվում: Ոչ ոք նման հարց ինստիտուցիոնալ կերպով ՀԱԿ քաղխորհրդում չի ներկայացրել: Հակառակը՝ ձեւավորվել է լուրջ կոնսենսուս, շարունակում ենք մեր քննարկումներն ու անելիքները»,- ասել է Զուրաբյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի ճգնաժամի պատճառ լինելու իրեն ուղղված մեղադրանքներին, պարոն Զուրաբյանն ասաց.«Նման բան չի առաջարկվել, ինստիտուցիոնալ մոտեցման կողմնակից եմ, որեւէ նման հարց որեւէ կուսակցության կողմից չի դրվել: Եթե ասելիք կա, ես համարում եմ ասելիքը ձեւավորված, եթե այն կոնկրետ մեխանիզմով դրվում է Կոնգրեսի քննարկմանը»:
Լեւոն Զուրաբյանը անդրադարձել է նաեւ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշմանն ուղղված քննադատությանը, թե մի՞թե Տեր-Պետրոսյանն իր տարիքի մասին իմացավ միայն տարեվերջին: «Եթե ուշադիր կարդաք, միայն տարիքի մասին խոսքը չի գնում: Տարիքը կարող էր նաեւ անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին: Իսկ դրա մասին ասված է Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ, եթե կարծում եք պատճառաբանված չէ, նորից վերընթերցեք հայտարարությունը»,- խորհուրդ է տվել Զուրաբյանը: