Ֆրանսիայի ծայրահեղ աջերի կուսակցությանը՝ «Ազգային ճակատին», մի քայլ Է բաժանում իշխանության գալուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

 

Վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը ժողովրդականությամբ առաջ Է անցել երկրի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդից:

 

Վալսի խոսքով, որը Բոլոնիայում ելույթ Է ունեցել Սոցիալիստական կուսակցության համագումարում, Ֆրանսիայում սոցիալիստների ներկայիս կառավարությանն անհրաժեշտ Է փոխել իր գործողությունների մարտավարությունը, որպեսզի կանխվի ծայրահեղ աջերի իշխանության գլուխ գալու սպառնալիքը:

 

«Որպես ձախ հայացքների տեր մարդ՝ ես երբեք չեմ կարող դա թույլ տալ,-ասել Է Ֆրանսիայի վարչապետը,-քանի որ այդ դեպքում կտուժեն նախեւառաջ ամենաընչազուրկները»:

 

«Դա ահավոր, գուցեեւ մահացու հարված կլինի Եվրոպայի համար»,-հավելել Է նա:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շարունակում է կորցնել ընտրողների աջակցությունը: Հասարակական կարծիքի հարցման տվյալները, որն անցկացրել է TNS Sofres ինստիտուտը, վկայում են, որ նախագահ Օլանդի ժողովրդականության մակարդակը հասել է ռեկորդային ցածր նշագծի՝ 13 տոկոսի՝ երկու ամսում նվազելով 5 տոկոսով:

 

Հարցման տվյալների համաձայն՝ ֆրանսիացիների միայն 1 տոկոսն է շարունակում լիովին աջակցել պետության ներկայիս ղեկավարին եւ վստահ է, որ Օլանդն ի զորու է «լուծել այն հիմնախնդիրները, որոնք այժմ ծառացած են Ֆրանսիայի առջեւ»: Վերապահումներով նախագահին վստահություն է հայտնում հարցվածների 12 տոկոսը (4 տոկոսով պակաս, քան երկու ամիս առաջ):

 

Հարցման մասնակիցների 28 տոկոսը, ինչպես եւ հուլիսին հայտարարել է, որ «ավելի շուտ չի վստահում» Օլանդին: Գործող նախագահի նկատմամբ «բնավ վստահություն չունի» հարցվածների 57 տոկոսը. դա վեց կետով ավելի է, քան երկու ամիս առաջ:

 

Ֆրանսիայում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2017 թվականին:

 

Հուլիսին Ֆրանսիայում գործազուրկների թիվը հասել Է 3 մլն 424 հազար ռեկորդային նշագծին: