«Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը տագնապ է հնչեցնում Լիբերիայում Էբոլա մահացու վտանգավոր տենդով հիվանդների աճող թվի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտարարել են կազմակերպությունում, Լիբերիայի մայրաքաղաքում նրա գլխավոր բժշկական կենտրոնում բժիշկներն ամեն օր ստիպված են լինում մերժել բուժվելու համար իրենց դիմող հիվանդներին:
Կազմակերպության ներկայացուցիչ Սոֆի Ջեյն Մեդենը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իրադրությունը «քաոսային է եւ դուրս է եկել հսկողությունից»: Մեդենը կոչ է արել լրացուցիչ միջազգային օգնություն տրամադրել Լիբերիային:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված հայտարարության մեջ ասված Է, որ Լիբերիայում Էբոլա տենդի տարածումն առաջիկա շաբաթներին կհանգեցնի այդ հիվանդությամբ վարակման բազմաթիվ նոր դեպքերի: «Մենք առաջիկա երեք շաբաթվա ընթացքում Լիբերիայում սպասում ենք վիրուսով հիվանդանալու մի քանի հազար նոր դեպքերի»,- նշվում է փաստաթղթում:
Ներկայում Էբոլա տենդից մահվան դեպքերի շուրջ կեսը բաժին է հասնում Լիբերիային: Այդ երկրի հիվանդանոցներում տեղերը չեն բավականացնում այն մարդկանց համար, որոնք բուժվելու կարիք ունեն: Եվս մեկ խնդիր է բուժանձնակազմի պակասը:
Լիբերիայում, Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում Էբոլա վիրուսից արդեն ավելի քան երկու հազար մարդ է մահացել: Ընթացիկ տարվա փետրվարից Արեւմտյան Աֆրիկայի երկրներում վարակվածների թիվը հասել է գրեթե չորս հազարի: