Հալեպից ժամանակավորապես հեռացած հայ ընտանիքներն 2014-15 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սկսել են վերադառնալ հայրենիք: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հալեպահայերը վերադառնում են նոր խանդավառությամբ և շարունակում կյանքը: Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին:

 

Թեև պատերազմական իրավիճակի պատճառով Հալեպը մնում է անապահով և բազմաթիվ խնդիրներ կան ջրի, էլեկտրականության, կենցաղային կամ տնտեսական, սակայն վերադաձողները վկայում են, որ Հալեպում կյանքը կլինի ավելի հեշտ տարբեր առումներով: Նրանք հաստատում են, որ եթե անվտանգությունը վերականգնվի, շատերը կվերադառնան Հալեպ:

 

Երկու տարի շրջափակված մնալուց հետո, երբ Հալեպն արտաքին աշխարհին կապող ճանապարհները անապահով էին և հնարավոր չէր դուրս գալ քաղաքից, միայն 2014թ.-ի ամռանը ճանապարհների ապահովության վերականգնումից հետո՝ հալեպցիները կարողացան դուրս գալ քաղաքից:

 

Հալեպահայերը մեկնել են կամ Սիրիայի ավելի ապահով շրջաններ կամ Սիրիայից դուրս՝ Լիբանան և այլուր:

 

Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգվելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ:

 

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: