Հոմսի 2014թ. մայիսի 10-ին ազատագրումից հետո հազարավոր բնակիչների նման հայերը նույնպես սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր: Ներկայումս Հոմսում մոտ 3 տասնյակ հայ ընտանիքներ կան: Դրանց թվում են նաև ժամանակավոր այնտեղ տեղափոխված ընտանիքները: Շենքերը վնասված են, և թաղամասերը բացարձակ բնակելի չեն:
Պետությունն սկսել է արագորեն վերականգնել ազատագրված շրջանները, մյուս կողմից կառավարությունը քաղաքի ենթակառուցվածքային ծրագրեր է պատրաստել ամբողջովին Հին Հոմսի վերակառուցման համար: Հոմսի ազատագրումից հետո մայիսի 15-ին Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանն այցելել է Հոմսի ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ փորձելով փրկել կեղեցու խորանի սրբապատկերն ու խորանի խաչը, ինչպես նաև եկեղեցու բարեխոս ս. Մաշտոցի սրբապատկերը, նաև հավաքել է եկեղեցական զգեստները, ժամագրքերն ու շարականները:
Հոմսի հայերը մյուս բոլոր համայնքների նման բնակվում էին սուննիների և արաբ քրիստոնյաների հարևանությամբ: Հայերը հիմնականում բնակվում էին Հոմսի Համիդիե, Բաբ Սբաա, Մահաթա և Ինշաաթ թաղամասերում: Տասնամյակներ շարունակ Հոմսում նաև գոյություն ուներ Հարեթ Արման թաղամասը, որը տարիների ընթացքում դատարկվել է հայ բնակիչներից, սակայն անունը մինչև այժմ պահպանվել է: Հոմսում հայերը հիմնականում զբաղվում էին մեքենաների նորոգման աշխատանքներով, առևտրով, իսկ երիտասարդները նաև պաշտոնյաներ էին և աշխատում էին պետական հաստատություններում:
Հայերի մեծամասնությունը բնակվում էր Համիդիե թաղամասում: Այնտեղ է գտնվում Հայ առաքելական ս. Մաշտոց եկեղեցին և նրան կից Սահակյան վարժարանը: Դամասկոսի Հայ առաքելական առաջնորդարանից ամեն շաբաթ այցելում էին եկեղեցի և սուրբ պատարագ մատուցում: Վերջին պատարագը մատուցվել է 2011թ. Զատիկի տոնի առիթով: Իսկ 2011թ. վերջին եկեղեցին և դպրոցը արձակման և բռնագրավման էին ենթարկվել: Հայերը եկեղեցական կարգերին հետևում էին արաբ քրիստոնյաների եկեղեցում, իսկ երեխաները հաճախում էին արաբական վարժարաններ: Զինյալները եկեղեցին և դպրոցն իրենց համար կենտրոն էին դա րձրել, շենքի նկուղը ծառայում էր որպես հիվանդանոց և պահեստ, իսկ դասասենյակները՝ աղոթատեղի և հավաքույթի վայր: Շենքը բավական մեծ նյութական վնասներ է կրել:
Հայերի աշխատատեղերը և խանութները, որոնք այսօր վնասվել են, գտնվում էին Համիդիե և Սինաա շրջաններում: Համիդիե թաղամասը 2 տարուց ավելի զինյալների վերահսկողության տակ անցնելուց հետո հայերը տեղափոխվել են Մահաթա և Ինշաաթ թաղամասեր, որոնք ավելի ապահով էին: Մի քանի հայ ընտանիքներ տեղափոխվել են Հոմսի նահանգում գտնվող Մաշթա Հլու գյուղը, իսկ ոմանք՝ Լիբանան և Լաթաքիա՝ թողնելով իրենց հողերը և ունեցվածքը:
Սիրիահայության շատպ օգնության մարմնի և վերականգնման մարմնի նախաձեռնությամբ 2013թ. Հոմսի հայ ընտանքիներին նյութական օգնություն է բաժանվել: