Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցությունը հայազգի քաղաքական գործիչ Արսեն Ավագովից պահանջել է հրաժարական տալ Ներքին գործերի նախարարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին նշվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում, ըստ որի' Ավագովը սպառնացել է Գերագույն Ռադայում ելույթի ժամանակ զենք կիրառել Ռ եգիոնների կուսակցությունից ընտրված պատգամավոր Ելենա Բոնդարենկոյի դեմ:
Կուսակցությունն անկախ լրատվամիջոցներին, հանրությանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել ուշադրություն դարձնել Ուկրաինայում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա:
Ինչպես հայտնում է գործակալությունը, սեպտեմբերի 6-ին Еspreso.tv հեռուստաընկերության եթերում Ավագովը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել Դոնբասում իրավիճակի կարգավորումից հետո:
«Լավ կլիներ, նախ լուծել պատերազմի հարցը, հետո' ընտրությունների: Մյուս կողմից, ընտրությունների կողմնակիցները մատնանշում են այս խորհրդարանը և ասում. «Մի՞թե սա խորհրդարան է»: Սա սատանան գիտի ինչ է, ուր երբ հարթակ է դուրս գալիս Ելենա Բոնդարենկոն' ձեռքդ ուզում ես տանել դեպի ատրճանակը», - ասել է Ավագովը:
Բոնդորենկոն ինքը հայտնել է, որ պատրաստվում է դիմել Ուկրաինայում արտասահմանյան երկրների դեսպանություններին' նրանց հայտնելով, «թե ինչեր է իրեն թույլ տալիս գլխավոր ոստիկանը»: