Նյու Յորքում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների 13-րդ տարելիցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Արարողությունը տեղի կունենա Առեւտրի համաշխարհային կենտրոնի տարածքում: Տեղական ժամանակով ժամը 8:46-ին, երբ 13 տարի առաջ առաջին ինքնաթիռը մխրճվեց Առեւտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային աշտարակի մեջ, լռության րոպե կհայտարարվի Նյու Յորքի բոլոր բնակիչների համար: Հարազատները կսկսեն ընթերցել զոհվածների անունները: Ընդամենը կհնչի 2983 անուն. այսքան մարդ է զոհվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին:
Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդա» խմբավորումը: Ահաբեկիչները զավթել էին երեք մարդատար ինքնաթիռ: Այդ օդանավերից երկուսը նրանք ուղղեցին Առեւտրի համաշխարհային կենտրոնի շենքի վրա, ինչը հանգեցրեց երկու աշտարակների փլվելուն, եւս մեկ ինքնաթիռ հարվածեց Պենտագոնի շենքին:
NBC News եւ Wall Street Journal-ի անցկացրած հարցման համաձայն՝ այն ամերիկացիների թիվը, ովքեր երկյուղում են «Իսլամական պետության» կողմից ահաբեկչական գրոհներից, գերազանցել է ահաբեկչության սպառնալիքից քաղաքացիների անհանգստության ցուցանիշը, որը գրանցվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո:
Ըստ հետազոտության տվյալների՝ ԱՄՆ-ի քաղաքացիների 47 տոկոսն այն կարծիքին է, որ երկիրն ահաբեկչական գործողություններից ավելի վատ է պաշտպանված, քան 2001 թվականին երկվորյակ աշտարակների հետ կապված ողբերգական իրադարձություններից առաջ: Նաեւ, հարցման արդյունքների համաձայն, դրա այն մասնակիցների թիվը, ովքեր կարծում են, որ 9/11 իրադարձություններից հետո Ամերիկայում կյանքն ավելի անվտանգ է դարձել, հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի՝ ընդամենը 26 տոկոսի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: