Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Լիլիթ Մակարյանը, ով մինչ այս զբաղեցնում էր քաղաքապետարանի պաշտոնական կայքի գլխավոր խմբագրի պաշտոնը:

 

Լիլիթ Մակարյանը ծնվել է 1986 թվականին Գյումրիում՝ մանկավարժի ընտանիքում: Ավատել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը: Աշխատել է տեղական հեռուստաընկերություններում՝ որպես լուրերի մեկնաբան և լրագրող:

 

«Ջազ Ինֆո» ամսաթերթի գլխավոր խմբագիրն էր, իսկ 2014 թ.-ի հուլիսից' Գյումրու քաղաքապետարանի կայքի խմբագիրը: Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2014 թվականի սեպտեմբերի 11-ից:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նորանշանակ մամուլի քարտուղարը վստահեցրեց, որ կշարունակի նախորդ պաշտոնակցի բարի ավանդույթը, և բաց, թափանցիկ ու համակարգված կաշխատի բոլոր լրատվամիջոցների հետ:

 

Սեփական դիմումի համաձայն' սեպտեմբերի 5-ին աշխատանքից ազատվել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը: Պաշտոնավարման ողջ ընթացքում վերջինս աչքի է ընկել լրագրողների հետ համակարգված և հաջողված աշխատանքով, ինչը բարձր են գնահատում նաև լրագրողները: Զոհրապ Եգանյանը Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել էր 2012 թվականի հոկտեմբերից՝ Սամվել Բալասանյանի պաշտոնամուտի առաջին իսկ օրվանից:

 

Արմենուհի Մխոյան