Չինաստանը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում շուրջ 700 մարդուց բացկացած գումարտակ կուղարկի Հարավային Սուդան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal թերթին: Նշվում Է, որ այդ տվյալներն ստացվել են Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցչից: Սեպտեմբերի 9-ին նա հայտարարել Է, որ չինացի զինծառայողների փոխադրումը կտեւի մի քանի օր:
Ինչպես նշում են դիտորդները, դա կդառնա չինացի զինվորականների՝ թվաքանակով ամենամեծ զորակազմը խաղաղապահ առաքելության կազմում: 2011 թվականին Չինաստանն արդեն իր զինվորներին ուղարկել Է Մալի, սակայն նրանց թիվն զգալիորեն ավելի փոքր Էր: Հարավային Սուդանում ՉԺՀ-ի զինվորականների խնդիրը լինելու Է նավթամշակման այն օբյեկտների պահպանությունը, որոնցում աշխատում են չինացի մասնագետներն ու բանվորները: Հարավային Սուդանից նավթի ներմուծումը կազմում Է Չինաստանի նավթի ամբողջ ներմուծման մոտավորապես 5 տոկոսը:
Հարավային Սուդանում 2013 թվականի դեկտեմբերից շարունակվում Է զինված հակամարտությունը ապստամբների, որոնց առաջնորդներից մեկը նախկին փոխնախագահ Ռիեկ Մաչառն Է, եւ երկրի իշխանությունների միջեւ: Հակամարտությունն սկսվել Է այն բանից հետո, երբ գործող նախագահ Սալվա Կիիրը Մաչառին մեղադրեց պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Հակամարտության զոհ են դարձել հազարավոր մարդիկ, իսկ ավելի քան 1,5 մլն խաղաղ բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Հակամարտության պատճառով երկիրը կրճատել Է նավթի արդյունահանումը, որի վաճառքից Է գոյանում բյուջեի եկամուտների 98 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: