Շոտլանդիայի անկախականների ղեկավար Ալեքս Սալմոնդը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ը, այս մասին Սալմոնդը հայտարարել է Էդինբուրգում անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո:

 

Նա հայտարարել է, որ լքում է Շոտլանդիայի տարածաշրջանային կառավարության առաջին նախարարի, ինչպես նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնը: Նոյեմբերին Շոտլանդիայի ազգային կուսակցության ամենամյա համագումարի ժամանակ նա չի առաջադրելու իր թեկնածությունը վերը նշված պաշտոններից որևէ մեկում:

 

«Շոտլանդական քարոզարշավը շարունակվում է: Հույսը երբեք չի մեռնում»,- ասել է նա՝ խոստովանելով հանրաքվեում անկախականների պարտությունը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այլ քաղաքական գործիչներն այս պահին ավելի լավ դիրքերում են՝ այս ընթացքում հնարավորություններն առավել զարգացնելու և բրիտանական կառավարությանը ճնշելու համար:

 

Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է համալրել Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորների շարքերը:

 

Սեպտեմբերի 18-ին անցկացված Շոտլանդիայի անկախության հանրաքվեի արդյունքներով՝ քվեարկողների շուրջ 55 տոկոսը դեմ է անկախությանը, կողմ՝ ավելի քան 44 տոկոսը: Հանրաքվեին մասնակցությունը բավական բարձր է եղել՝ ընտրելու իրավունք ունեցող շոտլանդացիների շուրջ 85 տոկոսը մասնակցել է քվեարկությանը: