Եվրոպայի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10 եվրո արժողությամբ նոր թղթադրամները: Դրանք կսկսեն տալ բանկերն ու բանկոմատները, բացի այդ նոր «տասանոցները» կարելի է ստանալ եվրոգոտու բոլոր երկրների տարածքի առեւտրական ցանցերում: Թղթադրամների նախորդ սերնդից դրանց գլխավոր տարբերությունը պաշտպանության նորացված տարրերն են եւ դիզայնի առանձին փոփոխությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

ԵԿԲ-ի գլխավոր նպատակն իր փողերն ավելի պաշտպանված դարձնելն Է դրամանենգների կեղծումներից: 2013 թվականին եվրոգոտու երկրների ֆինանսավարկային կազմակերպությունների եւ իրավապահ մարմինների կողմից առգրավվել է շուրջ 670 հազար կեղծված թղթադրամ, ինչը 26 տոկոսով ավելի է, քան 2012 թվականին: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շրջանառությունից առգրավվել է 331 հազար կեղծված թղթադրամ: Ինչպես եւ անցած տարիներին, դրամանենգներն առավել հաճախ կեղծում են 20 եւ 50 եվրո արժողությամբ թղթադրամները: Կեղծումների դեպքերի 78 տոկոսը բաժին է ընկնում դրանց:

 

Հին նմուշի թղթադրամները վավերական են մնում: Արժութային միության կենտրոնական բանկերը հին թղթադրամներն ասիճանաբար կփոխարինեն նորերով: Ընդամենը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կհայտնվի մոտավորապես 4,3 մլրդ նորացված «տասանոց», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: