Կատալոնիայի բնակիչների գրեթե 60 տոկոսը հայտարարել է, որ պաշտպանում է ինքնավարության կողմից պետության կարգավիճակի ձեռքբերումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Europa Press գործակալությանը:

 

Omnibus հասարակական կարծիքի կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալների համաձայն՝ 58,8 տոկոսը «լիովին» կամ «հիմնականում» համաձայն է, որ Կատալոնիան դառնա պետություն, 31,9 տոկոսը դեմ է արտահայտվում:

 

Հարցման մասնակիցներին նաեւ խնդրել են 10-բալանոց սանդղակով գնահատել՝ իրենք երկյուղներ ունեն արդյոք Կատալոնիայի պետականության ձեռքբերման կապակցությամբ: 30 տոկոսը հայտարարել է, որ «դրանից բնավ չի վախենում», գրեթե 11 տոկոսը պատասխանել է, որ «շատ է վախենում»:

 

Կատալոնիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը (86,7 տոկոս) հայտարարում է, որ կճանաչի նոյեմբերի 9-ի հանրաքվեի արդյունքները, եւ միայն 9 տոկոսը չի ճանաչի դրանք: Հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ:

 

Բարսելոնի քաղաքապետարանը սեպտեմբերի 21-ին քվեարկել է հանրաքվեի աջակցման օգտին՝ հայտարարելով, որ «անհրաժեշտ բոլոր միջոցները կտրամադրի դրա անցկացման համար»:

 

Կատալոնիայի խորհրդարանը սեպտեմբերի 19-ին օրենք է ընդունել հանրաքվեների մասին, որը, տեղի իշխանությունների կարծիքով, թույլ կտա համաժողովրդական հարցումներ անցկացնել առանց Մադրիդի պաշտոնական համաձայնության: Իսպանիայի կառավարությունն արդեն հայտարարել է, որ այդ օրենքը բողոքարկելու է Սահմանադրական դատարանում:

 

Ինքնավարության իշխանությունների պլանների համաձայն՝ նոյեմբերի 9-ին կատալոնացիներին կառաջարկվի պատասխանել երկու հարցի. «Ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա պետություն» եւ «Եթե այո, ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն»: Իսպանիայի Սահմանադրական դատարանն անօրինական է ճանաչել հանրաքվեն: Երկրի վարչապետը եւ կառավարության այլ անդամներ քանիցս հայտարարել են, որ չեն ճանաչի դրա արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: