Եվրամիությունը 112 մլն եվրո է հատկացրել Սիրիայի հակամարտությունից տուժած երեխաներին օգնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Եվրահանձնաժողովի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

 

«Ավելի քան 6,5 մլն երեխաներ են տուժել այդ դաժան քաղաքացիական պատերազմից, նրանցից 1,5 միլիոնը ներկայում որպես գաղթականներ ապրում են իրենց երկրի սահմաններից դուրս»,- Եվրահանձնաժողովը մեջբերել է միջազգային համագործակցության, հումանիտար օգնության եւ ճգնաժամային արձագանքման եվրակոմիսար Կրիստալինա Գեորգիեւայի խոսքը:

 

Ինչպես ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, հատկացված միջոցները կօգտագործվեն Սիրիայում եւ հարեւան երկրներում երեխաների պաշտպանության եւ կրթության համար: Բացի այդ, դրանք կուղղորդվեն կրթական համակարգերի ամրապնդման ուղղությամբ ազգային իշխանությունների աշխատանքի աջակցմանը:

 

ԵՀ-ն պարզաբանում է, որ միջոցները հատկացվում են Սիրիային եւ հարեւան երկրներին 215 մլն եվրո գումարի ընդհանուր ֆինանսական փաթեթից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: