Եվրամիությունը վերջնականապես հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրո գումարի մակրոֆինանսական օգնություն հատկացնելու որոշումը:

 

Այդ որոշումը Եվրամիության արտաքին գործերի խորհուրդն ընդունել Է ապրիլի 14-ին Լյուքսեմբուրգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

 

«Խորհուրդը որոշում է ընդունել 1 մլրդ եվրո գումարի մակրոֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային տնտեսական կայունացմանը եւ կառուցվածքային բարեփոխումների ծրագրին աջակցելու նպատակով: Այդ ռեսուրսը կտրամադրվի ի հավելումն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված ֆինանսական համաձայնագրի»,-հայտարարել են Եվրամիության խորհրդում:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Ուկրաինայի աղետալի իրադրությունը գերիշխող կլինի Եվրամիության անդամ 28 երկրների ԱԳ նախարարների՝ Լյուքսեմբուրգում ընթացող հանդիպմանը, որին հաջորդելու է համանման նիստ պաշտպանության նախարարների ձեւաչափվ: Նախարարները նաեւ կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը եւ Ուկրաինայում գազի հետ կապված իրադրությունը:

 

ԵՄ-ի ԱԳ նախարարները նաեւ կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ ապրիլի 17-ին Ժնեւում նշանակված բանակցությունների նախաշեմին:

 

Ինչպես նախօրյակին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ-ն ակնկալում է, որ այդ հանդիպմանը «բովանդակալից երկխոսություն կսկսվի» Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ: Նա «խորը մտահոգություն» է հայտնել Ուկրաինայի արեւելքում լարվածության աճի կապակցությամբ: Էշթոնը Ուկրաինայի ֆեդերալացման կողմնակիցների գործողությունները որակել է «զինված անձանց եւ անջատողական խմբերի ակտիվության պոռթկում»՝ դատապարտելով բողոքավորների կողմից «վարչական շենքերի եւ ներքին գործերի նախարարության բաժինների» նկատմամբ հսկողության հաստատումը: