ՀԱԿ-ում իրար հետ հակամարտող թևերը, քաղաքական կամ գաղափարական մոտիվացիային զուգահեռ, միմյանց դեմ պայքարում օգտագործում են այլ, ավելի ազդեցիկ միջոցներ ու փաստարկներ: Դիմացինի սխալը ցույց տալու և կամ սեփական ճշմարտացիությունն ապացուցելու համար նրանք օգտագործում են նաև ֆինանսական լծակներ:
Ինչպես արդեն գրել ենք, նախկին ընդդիմադիր այս կառույցը (նախկին, որովհետև առնվազն վերջին մեկ տարում այս կառույցն իշխանությանը որևէ կերպ չի ընդդիմացել), ըստ էության, կիսվել է երկու մասի. մի մասը' դժգոհ լիելով Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման որոշումից, պահանջում է կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, փոխել ՀԱԿ առաջնորդին և համակարգողին ու նրանց փոխարեն ընտրել ակտիվ քաղաքական պայքարի կողմնակից գործիչների:
Մյուս մասը շարունակում է պնդել, որ պետք է հավատալ Տեր-Պետրոսյանին, սպասել, մինչև ֆորսմաժորային իրավիճակ կստեղծվի'ռուսները կամ ամերիկացիները կհեռացնեն Սերժ Սարգսյանին, և այդ ժամանակ իշխանությունը վերցնելու անհրաժեշտություն էլ չի լինի. այն իրենց կմատուցվի:
ՀԱԿ-ում բարեփոխումների իրականացման կողմնակիցները դա բացատրում են նրանով, որ պասիվ պահվածքի արդյունքում՝ այս կառույցը կորցրել է հասարակական աջակցությունը, որ իրենք հայտնվել են քաղաքական լուսանցքում, կորցրել են քաղաքական գործընթացների վրա ազդելու որևէ լծակ: Նրանք պնդում են, որ միայն բարեփոխման միջոցով է հնարավոր փրկել ՀԱԿ-ը վերջնական փլուզումից:
Իսկ ի՞նչ են ասում լավ ժամանակներին սպասելու կողմնակիցները: Պարզվում է, որ նրանք Տեր-Պետրոսյանի առաջնորդությունն ընդունելու ոչ միայն քաղաքական փաստարկներ ունեն, այլև ներկայացնում են ավելի «համոզիչ» հիմնավորումներ: Նրանք ասում են, որ, այո, ՀԱԿ-ում կա խնդիր, որ գուցե այս կառույցն առաջվա նման չի կարողանա բազմահազարանոց հանրահավաքներ հրավիրել, և հասարակությունն այլևս իրենց հետ հույս չի կապում: Բայց, անկախ այդ ամենից, Լևոն Տեր-Պետրոսյանին փոխել ուղղակի անհնար է, քանի որ ՀԱԿ-ի գոյությունը պայմանավորված է բացառապես Տեր-Պետրոսյանով, ՀԱԿ-ը հենց Տեր-Պետրոսյանն է:
ՀԱԿ կենտրոնական գրասենյակը գտնվում է Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակում: Այդ գրասենյակը Լևոն Տեր-Պետրոսյանին է հատկացվել պետության կողմից, որպես ՀՀ նախկին նախագահ, իսկ ՀԱԿ-ն այդտեղ տնվորի կարգավիճակում է: Եթե նույնիսկ պատկերացնենք, որ ՀԱԿ-ում կարող է որոշում կայացվել՝ փոխել առաջնորդին, ապա այդ դեպքում ՀԱԿ-ը կմնա առանց կենտրոնական գրասենյակի:
Իհարկե, հնարավոր է նոր գրասենյակ վարձել. բայց ո՞վ պետք է հոգա այդ ծախսերը: ՀԱԿ տարածքային գրասենյակները պահելու նպատակով և ընդհանրապես ՀԱԿ ընթացիկ գործունեության համար անհրաժեշտ գումարները դարձյալ հայթայթում է Տեր-Պետրոսյանը: Նրա կողմնակիցները պնդում են, որ, եթե նրա դեմ ըմբոստությունը հաջողության հասնի, որն, իհարկե, հնարավոր է միայն տեսականորեն, ՀԱԿ-ն անմիջապես կդադարի գոյություն ունենալ, որովհետև կփակվեն Երևանի և մարզային բոլոր գրասենյակները:
Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն ասում են, որ բարեփոխումների ծրագրեր առաջ քաշողները չեն կարողանում նույնիսկ իրենց սեփական կուսակցությունների համար գրասենյակներ վարձել և հոգալ դրանց պահպանման ծախսերը, էլ ուր մնաց, որ կարողանան հոգալ ՀԱԿ-ի ծախսերը:
Մի խոսքով, ՀԱԿ-ում մնացած կուսակցությունների և գործիչների մեծ մասը հայտնվել է այն կնոջ վիճակում, որը վաղուց բաժանվել է ամուսնուց, նրանց ընտանեկան համատեղ կյանքը վաղուց դադարել է, և նրանց այլևս ոչինչ չի կապում, բայց նա շարունակում է ապրել ամուսնու բնակարանում, որովհետև գնալու այլ տեղ չունի: