ՀԱԿ անդամ Ժողովրդական հայրենիք կուսակցությունը երեկ ընդլայնված կազմով քաղխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ անդրադարձ է եղել առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ Ժողովրդական հայրենիք կուսակցության դիրքորոշմանը: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերվել է ՀԱԿ-ի հետագա գործունեության հարցերին: Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը ծավալուն մի փաստաթուղթ է մշակել եւ ներկայացնելու է ՀԱԿ-ի անդամ մյուս կուսակցություններին՝ պահանջելով հրավիրել ՀԱԿ քաղխորհրդի նիստ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ կուսակցությունը պահանջում է այդ փաստաթղթով ՀԱԿ որոշ գործիչների հրաժարականը:

«Մեր կուսակցությունը փորձել է, իրադրությունը ճիշտ գնահատելով, ՀԱԿ-ին դուրս բերել իրավիճակից: Էդ առումով մենք ծավալուն փաստաթուղթ ենք մշակել, խորհրդակցելու ենք ՀԱԿ-ի անդամ կուսակցությունների հետ, որը եւ այնուհետեւ, գոնե մեր պատկերացմամբ, Կոնգրեսի քաղխորհրդում քննարկվելու է: Այն ծառայելու է որպես կարեւոր աշխատանքային փաստաթուղթ, եւ մենք որոշել ենք չհրապարակել այդ փաստաթուղթը մինչեւ այդ էտապներն անցնելը»,- ասաց Պետրոս Մակեյանը: galatv.am-ը հարցրեց Պետրոս Մակեյանից, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ Ժողովրդավարական հայրենիք կուսակցությունը այդ փաստաթղթում պահանջում է նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հրաժարականը: Տեղեկությունը, սակայն, Պետրոս Մակեյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց՝ ասելով. «Փաստաթուղթը գլոբալ փաստաթուղթ է, այնտեղ անձերի անուններ շոշափվում են, բայց ես սրանից ավելի բան չեմ կարող ասել»,- ասաց Պ. Մակեյանը:

Քրիստինա Մկրտչյան