ՀԱԿ անդամ Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը համոզված է, որ իրենց կուսակցությունում ստեղծված փոխադարձ անհամաձայնության պատճառը ՀԱԿ ղեկավարությունն է: «Զուրաբյան Լյովիկի խունտան է: Մեր կուսակցության լրատվական ծառայությունը բոլոր հարցերի պատասխանը տվել է մինչև առաջիկա քաղխորհրդի նիստը: Մենք ամիսը մեկ ենք քաղխորհրդի նիստ անում, բայց ստացվում է այնպես, որ այս ամիս կգումարենք երկրորդը, դա կլինի մի քանի օրից...»,- ասաց Պետրոս Մակեյանը: Նա հիշեցրեց՝ իր և Ժողովրդավարական հայրենիք կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանի միջև ոչ մի գաղափարական անհամաձայնություն չի եղել և ծագել են 2012 թ-ի դեկտեմբերի վերջերից:

«Էդ մարդուն ես իմացել եմ, նորմալ մտավորական մարդ է, նույնիսկ ազնվագույն եմ համարել, հիմա այսպես է ստացվել, ի՞նչ իմանամ: Ումից-ումից իրանից չէի պատկերացնում, 20 տարուց ավելի գիտեմ, 15 տարի դժոխային ընդդիմադիր ճանապարհով անցել ենք, էս երկու շաբաթը մարդը հայտնվել է էս վիճակում, հիմա ես ի՞նչ ասեմ: Մինչև 2012 թ-ի դեկտեմբերի 26-ը տարաձայնություններ չենք ունեցել: 10 օրվա ընթացքում ամեն ինչ գլխի վրա շուռ եկավ»: Պ. Մակեյանը վստահեցրեց, որ դարձյալ իր ու կուսակցության փոխնախագահի միջև գաղափարական ոչ մի տարբերություն չկա: Հարցին, թե հնարավո՞ր է քաղխորհրդի նիստում պահանջեն իր՝ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հրաժարականը և պաշտոնանկ անեն Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահի պաշտոնից, նա պատասխանեց այսպես.

«Եթե կաբինետում ինչ-որ մեկը նստած մտածում է, որ, լավ, գրիչով ինչ-որ բան է գրում, տալիս մեր ընկերներին, ու դա այդպես կլինի, ես ասեմ, որ դա «հավը երազում կորեկ է տեսնում» տարբերակն է: Դա չի լինի: Մենք աղ ու հաց ենք կիսել, ուրախության, տխրության ժամանակ իրար տուն ենք մտել, ու ամեն ինչ փլուզվու՞մ է, թվում է՝ երկրաշարժ է եղել»: Պ. Մակեյանը այս ամենի մեղավորը համարում է ՀԱԿ-ի ներսում գործող խունտան. «Ուղղակի տերմինալոգիայով չեմ ասում, բայց էն, ինչ հրահրում են իմ նախկին ընկերները, դրանից խունտայի հոտ է գալիս, երբ կուսակցության կանոնադրությունը և մարդկային բարոյական արժեքները բոլորը թողնում ու սկսում են սադրել, պրովակացիայի ենթարկել: Եվ հրահրողը ՀԱԿ-ից է, հրահրում են, մեր գործընկերների ձեռքի գործն է»:

Քրիստինա Մկրտչյան