Վերջին շրջանում հաճախ է խոսվում Ժողովրդավարական հայրենիք կուսակցության ներքին խնդիրների, վերջինիս ղեկավար Պետրոս Մակեյանի և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունների սրված լինելու մասին: Այս հարցի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ ՀԱԿ անդամ, Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանից, ով նշել է, որ անձնական խնդիրներ ոչ մեկի հետ մինչ այս պահը չի ունեցել՝ լինի դա իշխանական, թե ընդդիմադիր թևի ներկայացուցիչ. «Մեր կուսակցությունը հրապարակային է գործում, և այն ինչ խոսվում է ԶԼՄ-ում, ամբողջ եղելությունն այդ մակարդակում է: Փորձենք իմի բերել, թե ինչու հունվարի 13-ի Ժողովրդական հայրենիք կուսակցության քաղաքական խորհրդի որոշումները դարձան արձագանքի, աղմուկի առիթ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես երկրում ուրիշ խնդիր չկա, նախագահական ընտրություններ չի սպասվում, ամեն ինչ նորմալ է: Ասեմ, որ երկու փաստաթուղթ է ընդունվել մեր քաղխորհրդում, մեկը կապված նախագահական ընտրություններում մեր մասնակցության ձևաչափի հետ, բայց այս ամենն ունի նախապատմություն»,- նշել է Պետրոս Մակեյանը, շարունակելով. «Դեկտեմբերի 25-ին' մեր հերթական քաղխորհրդի նիստի ժամանակ, քննարկման արդյունքում եկանք այն եզրահանգման, որ նախագահական ընտրությունների ձևաչափի մասին դիրքորոշումը կուսակցությունը կարտահայտի, երբ որ ԿԸՀ-ն կգրանցի: Մինչդեռ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին' ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստի ժամանակ, ընդունվում է արդեն հայտնի որոշումը, այն է՝ չմասնակցել ընտրություններին ու չսատարել որոևէ թեկնածուի, որին համաձայնություն է տալիս մեր փոխնախագահը, որից հետո մենք նշեցինք, որ մեր կուսակցությունն այդ որոշմանը կանդրադառնա հաջորդ քաղխորհրդի նիստում: Որից հետո, դեկտեմբերի 28-ին մեզ դիմում է մեր կուսակցության փոխնախագահը՝ Ղուկաս Մեհրաբյանը, որ Զուրաբյան Լևոնն ասել է, որ կուսակցության դիրքորոշումը պետք է հստակեցվի, և այդ պատճառով պետք է հրավիրվի արտահերթ խորհրդի նիստ, որին ես դեմ արտահայտվեցի:

Իսկ երկրորդ փաստաթուղթը, որը բովանդակային առումով դեռևս հայտնի չէ, բայց որով փորձում ենք Հայ Ազգային Կոնգրեսի բարեփոխման կամ ճգնաժամից դուրս գալու ելքեր ներկայացնել, դա լուրջ աղմուկ բարձրացրեց հատկապես Կոնգրեսի նեղ շրջանակի կողմից: Իսկ ինչ մնում է նրան, որ ես պայքարող տղաներին անդաստիարակ եմ անվանել, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ: Պայքարող տղաները երբեք անդաստիարակ չեն լինի: Մեր կուսակցության երիտասարդները հետ են քաշվել պայքարի ակտիվ գծից 2011 թվականի հոկտեմբերի շուրջօրյա նստացույցից հետո, երբ մենք հասկացանք, որ ոչ թե նստացույցը պայքարի ակտիվ փուլ է մտնելու, այլ երբ Զուրաբյանը հայտարարեց, որ երկխոսության համար դռները բաց են, դա նշանակում էր, որ սա բանակցության համար էր, որին մենք դեմ էինք»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցի վերջում Պետրոս Մակեյանը նշել է, որ անկախ ամեն տեսակի բարդություներից, ինչ էլ լինի, իր կուսակցությունը չի լքի Հայ ազգային կոնգրեսի շարքերը:

Էմմա Պալյան