«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի քաղխորհրդին առաջարկություն է ներկայացրել, որ խորհրդի նիստերն այսուհետ վարի Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Մեր նախաձեռնության մեջ մենք հստակ գրել ենք, որ ցանկալի է քաղխորհրդի նիստերը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ վատագույն դեպքում կարելի է ռոտացիոն սկզբունքով ղեկավարել»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ նշելով, որ կոնգրեսի կազմում գտնվող ուժերից այս կետին կարծես ոչ ոք դեմ չէր, բայց նախագահն ինքը պետք է որոշի ինչ անել։

Նրա խոսքով՝ անտրամաբանական է, երբ «իրենից կաբինետային ինչ-որ բան չներկայացնող մեկը գալիս է և փորձում համակարգել տարբեր կենսագրություն ունեցող 15 քաղաքական ուժերի»: Իսկ իր և ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունների մասին Մակեյանն ասաց, որ ինքն անձամբ որևէ մեկի հետ որևէ խնդիր չի ունեցել:

«Բազմաթիվ անգամ սուր խոսակցություն է եղել Լևոն Զուրաբյանի հետ, բայց դա ընդհանրական խոսակցություն է եղել։ Ես որևէ անձնական խոսակցություն չեմ ունեցել նրա հետ»,- ասաց նա:

Մակեյանը նաև նշեց, որ 16 տարի ընդդիմություն եղած իրենց կուսակցությունը բարդ ճանապարհ է անցել, և այսօր ոմանք փորձում են մրոտել և քանդել իրենց կուսակցությունը։

«Այս երկու շաբաթվա ընթացքում Կոնգրեսի մի նեղ հատված փորձում է մրոտել մեր անունը: Ինձ մեղադրեցին, որ ես ՀԱԿ-ի անդամ երիտասարդներին անդաստիարակ եմ ասել, բայց մոռանում են, որ Կոնգրեսի կորիզը եղել են իմ կուսակցության երիտասարդները։ Ինձ փորձում են մեղադրել, որ ես այդ պայքարող տղաներին անդաստիարակ եմ ասել»,- հավելեց նա։

Ըստ Մակեյանի՝ ՀԱԿ-ում կա լուրջ ճգնաժամ, որովհետև ժամանակին եղանակ որոշող քաղաքական ուժը նախագահական ընտրություններին հանդես է գալու դիտորդի դերում, իսկ դա լուրջ խնդիր է: ՀԱԿ-ի խնդիրներին լուծում տալու համար իրենք շարունակում են առաջ քաշել այն բարեփոխումների ծրագրերը, որոնք ժամանակին ներկայացրել են ՀԱԿ-ին, և որոնց մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ։

ՀԱԿ-ի կազմից դուրս գալու մասին Մակեյանն ասաց, որ դաշինքն այժմ այն չէ, ինչ երևում է, այն շատ ավելի նվիրյալների բանակ է, որը, ցավոք, նվազել է: Իսկ այդ առումով, ըստ Պետրոս Մակեյանի, ՀԱԿ-ում իրենց ներկայությունը պարտադիր է։