ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Հելե ն Քլարքը ժամանել է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նա լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ իր այցելությունն արդյունավետ կլինի:

 

Քլարքը հայտնել է, որ իր այցի ընթացքում տարբեր հանդիպումներ տեղի կունենան' ուղղված հասարակական ծառայությունների արդիականացմանը, կայուն զարգացման ապահովմանը, կանանց դերի բարձրացմանը, իրավահավասարության սկզբունքի գործարկմանը:

 

Սեպտեմբերի 28-30-ը Հելեն Քլարքն այցելել էր Հայաստան, որտեղ հանդիպումներ էր ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Նա բարձր էր գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և վստահեցրել, որ հետագայում էլ ՄԱԿ-ը շարունակելու է աջակցել մեր պետությանը: