Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին մտադիր է առաջադրվել 2017թ. նախագահական ընտրություններին: Այդ նպատակով նա անգամ Figaro Magazine ամսագրում հրատարակել է իր նախընտրական ամբողջ ծրագիրը: Ծրագիրն ու Սարկոզիի թեկնածությունը կարող է քննարկվել միայն այն ժամանակ, երբ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը նրան կընտրի որպես թեկնածու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նախընտրական ծրագրում Սարկոզին առաջարկում է մի շարք տնտեսական լուրջ բարեփոխումներ: Նա առաջարկում է, որ միասեռականներին արգելվի արհեստական ճանապարհով երեխա ունենալ:
Նախագահական նախորդ ընտրությունների ժամանակ Նիկոլյա Սարկոզին պարտվեց Ֆրանսիայի ներկայիս Նախագահ Ֆրանսուա Օլանդին: Սարկոզին, ինչպես նաեւ Օլանդն իրենց նախագահության ընթացքում հանդես եկան կոշտ դիրքորոշամբ դեպի Մերձավոր Արեւելքն ու պաշտպանեցին ԱՄՆ դիրքորոշումն' «արաբական գարնան» հետ կապված: Սարկոզիի նախագահության շրջանը լի էր նաեւ անձնական բնույթի սկանդալներով: Վերջինիս ամուսնալուծությունն ու ամուսնությունը ֆրանսիացի մոդել եւ երգչուհի Կառլա Բրունիի հետ ամիսներ շարունակ քննարկման թեմա էր ամբողջ աշխարհում: Իր նախագահության ընթացքում Սարկոզին այցելել է նաեւ Հայաստան: Հայաստանում' Երևանի Ֆրանսիայի հրապարակում Սարկոզին հայտարարեց, որ Ֆրանսիան կճանաչի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի Սենատն այն ճանաչեց, սակայն հետագայում օրինագիծը ներկայացվեց Սահմանադրական դատարան եւ ճանաչվեց հակասահմանադրական մի շարք դրույթներով: